Մամուլ

Լրագրողից՝ առաջին տիկին․ Հայաստանի առաջին տիկնայք լրագրողներ են

Լրագրողից՝ առաջին տիկին․ Հայաստանի առաջին տիկնայք լրագրողներ են

Հանրապետության ներկայիս երկու առաջին տիկնայք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը լրագրողներ են։

Կարծում ենք՝ դեռ առիթներ կլինեն նրանց միասին տեսնելու որևէ պաշտոնական միջոցառման և միևնույն մասնագիտության տեր երկու կանայք  շփման ընդհանուր շատ թեմաներ կունենան։ Մինչ այդ մենք առաջարկում ենք ծանոթանալ Հայաստանի երկու առաջին տիկնանց կենսագրությանը.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Մատենադարանում: 1991 թվականին ամուսնու և որդիների հետ տեղափոխվել է Լոնդոն: Գոլդսմիթի համալսարանի քոլեջից ստացել է արվեստի պատմության մագիստրոսի աստիճան (1992-1993 թթ.):

Դեռևս համալսարանական տարիներից հոդվածներ է գրում արվեստի, երաժշտության և մշակույթի մասին, ինչպես նաև հեքիաթներ ու պատմություններ երեխաների համար: Իր ստեղծագործություններում Նունե Սարգսյանն արտահայտում է իր անսահման սերը մանուկների հանդեպ:

Նրա պատմությունները «քարոզում» են արդարություն, ազնվություն և բարություն, գրվում են արևելահայերենով ու արևմտահայերենով, անգլերենով ու ռուսերենով, նաև՝ բարբառներով և որպես նվերներ՝ բաժանվում երեխաներին։

ՅՈՒՆԻՄԱ- Հայաստան «Կարապետ» տիկնիկային թատրոնում բեմադրել է Սարգսյանի «Թզուկ Մզուկը», Խամաճիկների պետական թատրոնում՝ «Քաչալ ոզնին» պատմությունները: Ի դեպ, նախորդ տարի Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը:

Ինչ վերաբերում է նրա ֆինանսական միջոցներին, ապա Հայաստանի առաջին տիկին Նունե Սարգսյանի այս տարվա փետրվարին լրացված հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նա ունի 710 հազար եվրո, իսկ ահա տարեկան եկամուտ չունի։

Ի դեպ, երկու կին լրագրողներն էլ օրինակելի մայրեր են։ Նունե Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները, երեք թոռնիկ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հայ կնոջ հրաշալի օրինակ է, ով ամուսնու կողքին է ու սատարում է յուրաքանչյուր իրավիճակում: Մասնագիտությամբ լրագրող Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։

Վարչապետի կինն ամուսնուն չորս զավակ է պարգևել։

Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հայտարարագրած ֆինանսական միջոցներին, ապա նրա ֆինանսական միջոցներ կազմում են 1000 ԱՄՆ դոլար։ Տարեկան եկամուտը 11 մլն 745 հազար դրամ է։

Կիսվել նյութով