Մամուլ

Լավ լուր․ Գյուղացիներին կփոխհատուցվի 493 մլն դրամ՝ տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների համար

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին կառվարության որոշմամբ հատկացնել 492 միլիոն 961 հազար դրամ՝ 2018 թվականին տարերային աղետների հետեւանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում:

Նախատեսված միջոցները, ինչպես նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, կտրամադրվի 2018-ի տարերային աղետների հետեւանքով 50-100 տոկոս տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին:

2018 թվականին հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնաս է պատճառվել շուրջ 14650 հա հողատարածքի,  որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 մլրդ 386 մլն դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 % տուժած հողօգտագործողներին:

Նախարարի խոսքով, 2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած հողօգտագործողների (7736,61 հա) վնասի չափը կազմում է 9856393,5 հազ. դրամ: “Վնասի հաշվարկները կազմվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը,ՀՀ ԱՎԿ-ի 2017 թվականի բուսաբուծական արտադրանքի գները և վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները: Խաղողի, պտղի և հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5%-ի չափով, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի և կարտոֆիլի համար 4%-ի չափով, իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-իհաշվով 30 հազ. դրամ: Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմում է 94,0 հազ դրամ, պտղի և հատապտղինը՝ 72.3 հազ դրամ, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 63.7 հազ դրամ”, – ասաց նա:

2018 թվականին նախատեսված աջակցության գումարը կազմում է 492961.5հազ. դրամ, ընդամենը պատճառված վնասի շուրջ 3.7%-ը:

Գեւորգյանը նկատեց, որ սա վերջին տարիներին ամենամեծ փոխհատուցումն է: “Օրինակ 2016 թվականին վնասը 33,5 մլրդ դրամէ  կազմել, իսկ հատուցումը՝ 506 մլն դրամ, այսինքն 1,5 տոկոս: 2017ժ-ին հատուցումը 0,4 տոկոս է կազմել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հաջորդ տարիների համար ավելի մեծ տեղ կտրվի կանխարգելմանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքն անձամբ եղել է Արմավիրի մարզում փոթորիկից ու կարկտահարությունից հետո եւ պատկերն իրոք սարսափելի էր. «Անշուշտ պետությունն ունի պարտավորություն կանգնել գյուղացու կողքին: Իհարկե, հասկանում ենք, որ սա բավարար չափը չի, քանի որ եթե իրենք բերքն իրացնեին, ավելի շատ օգուտ էին ստանալու: Ես հունս ունեմ, որ 2019-ին արդեն կկարողանանք գործի դնել ապահովագրության մեխանիզմը եւ պետության միջամտության անհրաժեշտությունը չի լինի», – ասաց նա:

Արարատ Միրզոյանը նկատեց նաեւ, որ շատ դեպքերում գյուղացիները վարկեր ունեն վերցրած եւ այս փոխհատուցումը տալիս են վարկերի դիմաց, իսկ իրենց կորցրածին դարման չի լինում:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով