Մամուլ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը

Հոկտեմբերի 14-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբի անդամ, արցախյան պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։

Հուղարկավորության արարողությանը ՀՀ կառավարության անդամների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը վրդովեցրել էր շատերին։ Սոցիալական ցանցերում չեն դադարում գրառումներն ու հարցադրումներն այն մասին, թե ինչու վարչապետը չի մասնակցել հուղարկավորությանը։

«Չնայած Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը հազարավոր մարդիկ էին եկել, մեր վարչապետը այդպես էլ չբարեհաճեց ներկա գտնվել. էլ չենք խոսում ոստիկանության մասին, որը երթի անվտանգությունը չապահովվեց Եռաբլուր գնալիս»,- գրել է օգտատերերից մեկը։

«Ամենաբարձր կետից թքած ունենամ անձնական ով ինչ խնդիր ունի ազգային իսկական կերպարի հետ, անկախ նրանից կերպարի անունը ինչ է։

Բայց հարց ունեմ ՊՆ նախարարին ու ԳԿ նախարարին։ Էդ ձեր պոստը ձեր անձնական ճաշակով ստեղծված ու նշանակությունով պոստ չի, դուք ի՞նչն եք ոգևորելու ու քաջալերելու ձեր զինվորների և աշակերտների մեջ, եթե ոչ հայրենիքին անմնացորդ նվիրյալ իր զավակի կերպարը, ի՞նչն եք մատնացույց անելու ձեր կարևոր ոլորտներում, եթե ոչ ձեր ժամանակակցի կենդանի օրինակը։

Այսօվա հանցանքն իմ համար անուններ չունի, հանցանքն ունի մեկ անուն, ՀՀ կառավարություն, որն ապացուցեց, որ ինքը նույնքան անգլուխ ու հանցավոր անպատասխանատու է, ինչպես նախկինները, որ նրանք էլ հոտային բնազդով ուղղորդվում են նույն կետից, ու ոչ մի ինքնուրույնության ոչ մեկի գործողություններում։

Ահա սա եմ արձանագրում ես։ Արայիկն իր կյանքը ապրեց գլուխը բարձր ու այդպես էլ գնաց, որպես իսկական օրինակ սերունդների համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր, դիրիժոր Վարդան Հակոբյանը։

ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչով էր պայմանավորված վարչապետի՝ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը ներկա չգտնվելը, նշեց, որ ոչ թե կարևոր է վարչապետի ներկայությունը, այլ նրա վերաբերմունքը․

«Վարչապետի վերաբերմունքը միանշանակորեն դրսևորվել էր և՛ հայտարարությամբ, և՛ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը վարչապետի անունից, պետության ղեկավարի անունից ծաղկեպսակ ուղարկելով»,-ասաց Եղոյանը։

Եթե հարցնում եք՝ ինչո՞ւ չէր ներկայացել, դա ենթադրում է, որ նա պարտավոր էր ներկայանալ։ Ի պաշտոնե՝ վարչապետը ինչ-որ տեղ պետք է գնա կամ պարտադրված, կամ ծրագրված՝ օրինակ, ինչո՞ւ վարչապետը չի ներկայացել կառավարության նիստին, կամ ինչո՞ւ չի գնացել աշխատանքի, այս դեպքում կարելի է հարցնել՝ ինչո՞ւ չի գնացել»։

Կիսվել նյութով