Մամուլ

Ինչո՞ւ է թանկացել գյուղմթերքը. ֆիզիկոսն ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել: «Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել:

Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5-6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման գործընթացը նահանջել է»,- ասաց կազմակերպության ղեկավարը: Նրա տեղեկացմամբ, օգոստոսին հիվանդություն է տարածվում, որի դեմ գյուղացին միայնակ չի կարողանում պայքարել: Հարկավոր է մասսայական, ավիացիոն սրսկումների միջոց կիրառել, որը պետք է նախարարությունը կազմակերպի, ինչը չի անում: Այդ է պատճառը, որ ամառվա վերջին ամսին գյուղմթերքի գինը բարձրանում է, ինչը լոլիկի քիչ ցանքատարածություններով է պայմանավորված:

«Մեկ այլ նախարար էլ գնում, կարտոֆիլի ցանքատարածությունների ֆոնին նկարվում էր, որ ցույց տա, թե իբր գործ է անում: Հերիք չի գործից չեն հասկանում, մի բան էլ բերում նշանակում են նախարար: Ֆիզիկոսն ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ, ես չեմ հասկանում: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ բարեփոխումների պետք է գնանք, բայց նախարարությունն այդպես էլ որևէ ծրագիր չի իրականացնում: Դրանք պետք է շեշտակի լինեն, որպեսզի հաջորդ տարի ցանքատարածություններն ավելանան: Գիտելիք է հարկավոր ունենալ, և եթե նախարարը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ի՞նչ գիտելիք պետք է ունենա գյուղատնտեսության մասին»,- ասաց Բերբերյանը»:

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով