Շոու-բիզնես

«Իմ ապրելաոճով ցույց կտամ՝ ինչպես կարելի է խնդիրներին մի փոքր ավելի թեթև նայել». Լուիզա Ներսիսյան

«Իմ ապրելաոճով ցույց կտամ՝ ինչպես կարելի է խնդիրներին մի փոքր ավելի թեթև նայել». Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը խոսել է մայիսի 31-ին և հունիսի 1-ին կայանալիք «Հոթել Քալիֆորնիա» ներկայացման և շուտով ինտերնետային «AREV.TV»-ով հեռարձակվող հաղորդման մասին, որտեղ նա որպես հաղորդավարուհի կներկայանա:

«Հոթել Քալիոֆորնիա» ներկայացման մեջ Լուիզան մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: Դերասանուհին պատմեց, որ հաճույքով է ընդգրկվել ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի ներկայացման մեջ:

«Սեդրակի հետ նախկինում համագործակցել ենք. Անցյալ տարի միասին ներկայացումով էինք հանդես եկել Թեհրանում: Հետո Արմեն Վարդանյանը գրեց այս պիեսն ու սկսեցինք աշխատել: Սա կատակերգություն է, բայց արծարծվում է հայերիս համար ամենակարևոր խնդիրներից մեկը՝ արտագաղթը:

Մենք դա փորձում ենք ներկայացնել կատակերգության տեսքով, բայց դա անել այնպես, որ մատնանշվի արտագաղթի ցավոտ լինելը: Կարծում եմ՝ Հայաստանում չկա մի ընտանիք, որի հարազատներից մեկը արտասահմանում չապրի, և դա, իսկապես, շատ ցավոտ խնդիր է: Հույս ունեմ, որ Հայաստանում կայացած բարեփոխումներից հետո դրսում ապրող շատ հայ ընտանիքներ կվերադառնան ու կապրեն այստեղ»,- նշեց Լուիզան ու շարունակեց.

«Գիտեք, երբ գրվել է այս պիեսը, հայաստանյան վերջին իրադարձությունները, բնականաբար, դեռևս տեղի չէին ունեցել: Ամիսներ առաջ այս թեման ինձ համար ավելի սուր ու ցավոտ էր, իսկ հիմա ներսումս մի տեսակ ոգևորվածություն կա ու սկսել եմ այդ խնդրին ավելի թեթև վերաբերվել:

Անշուշտ, հիմա ևս ուզում եմ բարձրաձայնել արտագաղթի խնդրի մասին, բայց ներսումս հավատ կա, որ շատ շուտով այդ խնդիրը նվազելու է, այլևս այստեղից մարդիկ իրենց փայլուն երազանքներից չեն զրկելու և մշտական բնակության նպատակով չեն գնալու ուրիշ երկիր»:

Կիսվել նյութով