Մամուլ

Թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանն արտագաղթե՞լ է. դստեր պարզաբանումը

Թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանն արտագաղթե՞լ է. դստեր պարզաբանումը

Այսօր սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ՝ Լոս Անջելես: Օգտատերերից մեկը հրապարակել էր լուսանկար, որում Ռուզան Ազիզյանը Լոս Անջելեսի օդանավակայանում է:»

Araratnews.am-ը կապ հաստատեց տնօրենի դստեր՝ Լիլի Սարգսյանի հետ՝  տեղեկության հավաստիությունը ճշտելու: «Շատ տխուր է: Չեմ պատասխանում ձեր հարցին»,- ասաց  Ռուզան Ազիզյանի դուստրը: Մեր դիտարկմանը, թե Լիլի Սարգսյանը չի հերքում տեղեկությունը, նա ասաց. «Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»:

Այլ հարցերի պատասխան մեզ ստանալ չհաջողվեց, քանի որ Լիլի Սարգսյանը, որը, ըստ նրա ֆեյսբուքյան էջի, աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, անջատեց հեռախոսը: Ռուզան Ազիզյանի հետ էլ կապ հաստատել չհաջողվեց: Նրա հեռախոսահամարն անջատված էր:

Հիշեցնենք՝ Ռուզան Ազիզյանը Սերժ Սարգսյանի կուրսեցին է: Նա սպառնացել էր իր դպրոցի պայքարող ուսուցիչներին աշխատանքից ազատել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին միանալու՝ դասադուլ անելու համար:

Վարչապետի հրաժարականից հետո դպրոցի ուսուցիչների, ծնողների պահանջով Ազիզյանը հրաժարական տվեց: Նա մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններում  իշխող կուսակցության օգտին ձայներ բերելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել էր Ռուզան Ազիզյանի հասցեին հնչող մեղադրանքներին եւ ընթացք էր տվել դրանց:

Կիսվել նյութով