ՄամուլՔաղաքականություն

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերից ամենահարուստը «Դաշնակցություն» կուսակցությունն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկանում է քաղաքական ուժերի հայտարարագրերց, որոնք հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Սեպտեմբերի 11-ին ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ ՀՅԴ-ի դրամական միջոցներին, շենք-շինություններին եւ հողատարածքներին չափ ու սահման չկա: ՀՅԴ-ն անշարժ գույք ունի հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Սրան զուգահեռ էլ կան կուսակցություններ, որոնք, մեղմ ասած, աղքատ են: Ստորեւ ներկայացնում ենք ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ունեցվածքը:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դրամական միջոցները կազմում են մոտ 20 միլիոն դրամ: Ի դեպ, այս տվյալը ԿԸՀ-ին սխալ է ներկայացվել: Հայտարարագրում նշված է, որ ԲՀԿ-ն ունի 20 հազար դրամ, սակայն, ինչպես երեկ մեզ պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանի շտաբի պետ Սերգեյ Բագրատյանը, տվյալն իրենք են ԿԸՀ-ն սխալ ներկայացրել: Կուսակցությունը եկամուտներ է ստացել ֆինանսների նախարարությունից` 3 մլն 2 հարյուր հազար դրամ եւ այլ նվիրատվություն՝ 2 մլն 4 հարյուր հազար դրամ:

Զարմանալի է, բայց ԲՀԿ-ն չունի անշարժ գույք: Ընդհանրապես տարօրինակ է, որ ԲՀԿ-ի նման քաղաքական ուժը տիրապետում է նման չնչին ֆինանսական միջոցների: ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ծավալներից եւս նկատվում է, որ բավականին լուրջ գումարներ են ծախսվում: Կուսակցության գտնվելու վայրը հայտարարագրում նշված է Հանրապետության 47 հասցեն, սակայն այս գրասենյակը եւս բացակայում է հայտարարագրից:

«Դաշնակցություն» կուսակցությունը Երեւան քաղաքում եւ Հայաստանի մարզերում ունի 34 շենք-շինություն, որոնց միանձնյա սեփականատեր է համարվում: ՀՅԴ-ն Հայաստանի մարզերում ունի 12 հողամաս` ընդհանուր 0.46097 հեկտար մակերեսով, որ համարժեք է 4600 քմ-ի: Դաշնակցության դրամական միջոցները կազմում են 8 մլն դրամ, բացի այդ այս քաղաքական ուժը մոտ 31 մլն դրամի եկամուտ ստացել է անդամավճարներից, 8 մլն դրամ՝ ֆինանսների նախարարությունից եւ 840 հազար դրամ էլ վարձակալությամբ տրված տարածքից: Կուսակցությունը տեղակայված է Հանրապետության 30 հասցեում:

«Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամական միջոցները կազմում են 630 հազար դրամ: Կուսակցությունը ֆինանսների նախարարությունից ստացել է 3,5 մլն դրամ, իսկ անդամավճարներն ու նվիրատվությունները կազմում են 1,8 մլն դրամ: ՔՊ-ն որպես անշարժ գույք հայտարարագրել է միայն Երեւանում՝ Եզնիկ Կողբացու 2ա հասցեում գտնվող վարձակալված գրասենյակը, սակայն վերջին շրջանում մի քանի գրասենյակներ եւս բացվել է կուսակցության կողմից:

Սոցիալական ծանր վիճակում է գտնվում այս դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը: Այս ուժի դրամական միջոցները կազմում են ընդամենը 10 հազար 200 դրամ: «Առաքելությունը» նաեւ 30 հազար դրամի նվիրատվություն է ստացել: Կուսակցությունն, ըստ հայտարարագրի, չունի շարժական ու անշարժ գույք: Որպես կուսակցության գտնվելու վայր նշված է Նորքի 1-ին նրբանցքի 30/2 բնակելի տունը:

«Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը եւս, ըստ հայտարարագրի, ճգնաժամի մեջ է: Կուսակցության ունեցածը միայն ֆինանսների նախարարության կողմից տրված մոտ 3 մլն դրամն է: Կուսակցության գտնվելու վայրը Տերյան 68/3 հասցեն է: Նույն դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի մեկ գրասենյակ, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Այս քաղաքական ուժի դրամական միջոցներն են՝ 1 մլն դրամ, 4 մլն դրամ՝ նվիրատվություն եւ մոտ 3 մլն դրամ, որը տրամադրվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

«Երեւանի հանրություն» դաշինքի մաս կազմող «Գալա», «Հայաստանի կանաչների» կուսակցությունները, «Երեւանցիներ» դաշինքի մաս կազմող «Հայոց հայրենքը» եւ ՀՀՇ-ն, ինչպես նաեւ «Ժողովրդական ուղի», Ռեֆորիստների կուսակցությունները չունեն ֆինանսական միջոցներ եւ գույք: «Երկիր Ծիրանի» կուսակցությունն էլ հայտարարագրել է 13 հազար 955 դրամ, «Հայք»-ը՝ 5 հազար դրամ: «Ժառանգություն» կուսակցության դրամական միջոցները կազմում են 27 հազար դրամ, ինչպես նաեւ նվիրատվություններից գոյացած 1 մլն 3 հարյուր հազար դրամ:

«Օրինաց երկիր» կուսկացությունն Աբովյան փողոցում ունի երկհարկանի շինություն, ինչպես նաեւ «Օպել վեկտրա» եւ «ՎԱԶ» 2107 մակնիշի մեքենաներ: Դրամական միջոցները կազմում են 258 հազար դրամ, իսկ նվիրատվությունից գոյացած եկամուտը՝ 2,5 մլն դրամ:

Ի դեպ, ավելի վաղ անդրադարձել էր նաեւ քաղաքապետի թեկնածուների ունեցվածքին:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով