Մամուլ

էրեբունիում անչափահասին մահակով ծեծի ենթարկած Վովա Գասպարյանի թիկնազորի պետի եղբայրը կալանավորվեց

Քիչ առաջ դատարանը ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը՝ Սարգիս Հակոբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:

Երեկ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գորադրմամբ խուլիգանություն):

Սարգիս Հակոբյանի հետ դեպքի վայրում եղած մյուս երեք անձը երեկ սահմանված ժամին չեն ներկայացել նախաքննական մարմնին եւ քննիչը որոշում է կայացրել նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարել է ոստիկանության համապատասխան բաժնին: Այսօր նրանք ձերբակալվել են:

Երեկ որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավվելու վերաբերյալ, որոնցից մեկին՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով). վերջինս ՀՀ պետական դրոշը գցել էր գետնին, մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հիշեցնենք, որ նախաքննության սկզբում նրանք կասկածվում էին ավելի մեղմ հոդվածով՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածով (ծեծ):

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են մեքենան ու փախել։

Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Սույն քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդին տուժող է ճանաչվել:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով