Ժամանց

Երևանում ցուցադրված աշխարհի ամենամեծ գաթան հայտնվեց «Գինեսի» ռեկորդներում (տեսանյութ)

368 կգ քաշ, 68 մ երկարություն եւ 37 սմ լայնություն` այս չափանիշներով հայկական գաթան այսօր դարձավ «Գինես»-ի ռեկորդակիր` որպես աշխարհի ամենամեծ գաթա: «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը «Աշխարհի ամենամեծ գաթա» համտես-հյուրասիրությունը կազմակերպել էր Երեւանի 2800-ամյակին ընդառաջ: Կարապի լճի հարակից տարածքում ցուցադրված գաթան պաշտոնապես ներառվեց «Գինես»-ի ռեկորդների գրքում, իսկ հանդիսավոր արարողությանը հաջորդեց համեղ հյուրասիրությունը:

«Գաթան պատրաստելու միտքը ծագել էր դեռ մարտ ամսից, երբ մենք պատրաստեցինք 40 մ երկարություն ունեցող ամենաերկար գաթան: Ամենամեծ գաթայի պատրաստման նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ 10 օր, իսկ թխել ենք 2 օրերի ընթացքում: Աշխատել ենք 5 հոգով, սակայն մեզ աջակցել է մեր ամբողջ թիմը», – լրագրողների հետ զրույցում նշեց «Երեմյան փրոջեքթս»-ի շեֆ հրուշակագործ Անահիտ Միքաելյանը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանել նաեւ Guinness World Records Limited գրասենյակի ներկայացուցիչ Ջոանա Մարի Բրենտը, որը եւս չկարողացավ իր հիացմունքը թաքցնել` խոսելով հայկական ռեկորդի մասին:

«Որպեսզի համոզվեինք, որ այս գաթան իր չափսերով ռեկորդակիր է, մենք բազմաթիվ չափումներ ենք արել: Մեր նվազագույն չափանիշը 18 կգ էր, սակայն, ինչպես տեսաք` այս գաթան ավելի բարձր ցուցանիշ ուներ: Մենք չափել ենք գաթայի ամեն մի բաղադրիչը, այնուհետեւ հաշվել դրանց ընդհանուր կշիռը: Կարծում եմ` հրաշալի աշխատանք է տարվել»,-նշեց նա:

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով