Մամուլ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Ողջունելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար, և նկատել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցը նոր ազդակ կհաղորդի երկուստեք հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը:

«Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերությունների ընդլայնումը, և ես համոզված եմ, որ Ձեր այցը նոր լիցքեր կհաղորդի թե՛ շրջանային խորհրդի հետ բարեկամական ու գործնական կապերի էլ ավելի ընդլայնմանը և թե՛ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանն, ընդհանրապես», – նշել է Վալերի Պեկրեսը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական մի շարք քաղաքների հետ Երևանն այսօր համագործակցում է սերտորեն, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են համատեղ բազմաթիվ կարևոր ծրագրեր: Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ ևս համագործակցության ներուժը մեծ է, և համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկուստեք փոխգործակցությունը կդառնա առավել առարկայական ու շոշափելի:

«Երևանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ համագործակցում է 2011թվականից սկսած, և այս ժամանակահատվածում տարբեր ոլորտներում միասին փորձի փոխանակման մի շարք արդյունավետ ծրագրեր ենք իրականացրել: Իսկապես ուրախալի է, որ ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ մեր սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տալիս տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, ինչը նաև լրացուցիչ խթան է դառնում նորանոր ծրագրերի քննարկման ու դրանք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը:

Կիսվել էջում