ՄամուլՔաղաքականություն

Երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ ղեկավար, կուսակցությունն իրեն սպառեց. ընտրություններին ժողովուրդը ՀՀԿ-ին ձայն չի տա

Պարոն Աղաբաբյան, վերջին շրջանի քաղաքական զարգացումներն այսօր հանգեցրել են մի վիճակի, երբ Հանրապետական կուսակցությունը քննարկում է, երկընտրանքի առաջ է կանգնել՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ, արդյոք մասնակցելու դեպքում կկարողանա՞ հաղթահարել անցողիկ շեմը, թե՞ ոչ։ Որպես ՀՀԿ ակունքներում կանգնած՝ դուք այս պրոցեսը ինչպե՞ս եք գնահատում և ցավալի չէ՞ ձեզ համար ստեղծված վիճակը։

-Դժվարանում եմ միանշանակ պատասխանել, բայց ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, երկրում գոյություն ունի, պետք է անպայման առաջադրի ու մասնակցի ընտրություններին, քանի որ, եթե չառաջադրի, ապա կդառնա մահացած կուսակցություն և շրջանառությունից դուրս կգա։ Այդ առումով կարծում եմ, որ ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին։

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ երբեմնի հզոր թվացող կուսակցությունը մի քանի ամսվա մեջ հայտնվեց լուսանցքից դուրս վիճակում։

-Ցավալի է, իհարկե, բայց այդ պրոցեսը շուտվանից էր սկսված։ Այն ժամանակ, ի սկզբանե, երբ Սերժ Սարգսյանը դարձավ կուսակցության ղեկավար, այդ կուսակցությունն իր իմաստը կորցրեց, քանի որ դարձավ մեկ հոգու կուսակցություն։ Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում կուսակցության համար, քանի որ կուսակցության հիմնադիրները Աշոտ Նավասարդյանի պես մարդիկ են եղել, բայց ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ։ Իսկ եթե մի քիչ էլ հույս կա, ապա դա կարող լինել բացառապես կուսակցության ներսում իրականացվելիք սերնդափոխության արդյունքում։

Այսինքն՝ ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը կազմաքանդեց ՀՀԿ-ն ու հանգեցրեց այս վիճակին։

-Այո, Հանրապետական կուսակցությունը իրեն սպառել էր հենց Սերժ Սարգսյանի կուսակցության ղեկավար դառնալով։ Առաջին օրվանից, երբ Սերժ Սարգսյանը դարձավ կուսակցության ղեկավար, այդ կուսակցությունը իրեն սպառեց։

Շարմազանովը կարծիք էր հայտնել, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի ընտրություններին, քանի որ միայն իրենք են գործող իշխանության համար արժանի ընդդիմությունը և միայն իրենք կարող են ապագա խորհրդարանում հակակշռել իշխանությանը և դառնալ իշխանության քաղաքական ախորժակը զսպող ընդդիմությունը։ Դուք ՀՀԿ-ին այս քայքայված տեսքով ընդդիմադիր սեկտորում ընկալո՞ւմ եք։

-Գիտեք ինչ, ոչ միայն իրենք, այլ ընդդիմադիր ուժեր էլ կլինեն ԱԺ-ում, բայց ՀՀԿ-ին այդ կարգավիճակում տեսնելու համար սերնդափոխություն է հարկավոր իրականացնել։ ՀՀԿ-ի ծերակույտը պետք է թոշակի անցնի և մնա միայն երիտասարդությունը։ Եթե այդպես լինի, կարծում եմ՝ ՀՀԿ-ն կկարողանա ճիշտ ընդդիմություն լինել։ Բայց այդ ամենը պետք է որոշի ժողովուրդը։ Ժողովուրդը պետք է որոշի՝ Հանրապետականին ձայն տալ, թե ոչ։

Ձեր կարծիքով՝ կկարողանա՞ ՀՀԿ-ն հաղթահարել Ազգային ժողովում հայտնվելու համար անցողիկ շեմը։

-Կարծում եմ՝ ոչ, չի հաղթահարի։ Ինձ թվում է՝ ժողովուրդը ձայն չի տա իրենց։

Եվ դա արդարացված կլինի։

-Իհարկե։ Ինչի՞ մասին է խոսքը։

Իսկ դուք քննարկո՞ւմ եք քաղաքական որևէ ուժի շրջանակներում ԱԺ ընտրություններին մասնակցելու տարբերակը։

-Ոչ, ես մնում եմ աշխատատեղեր ստեղծողի կարգավիճակում։ Ես իմ տեղը զիջել եմ երիտասարդներին։

Պարոն Աղաբաբյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության վերջին շրջանի կադրային քաղաքականությունը։ Հատկապես շատ քննարկվեց Հունան Պողոսյանին մարզպետի պաշտոնում նշանակելու փաստը։

-Ես Հունան Պողոսյանի անձի դեմ ոչինչ չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ իրավապահ ոլորտում նա լուրջ մասնագետ է, փորձառու։ Առհասարակ կադրերի հարցը շատ լուրջ հարց է, կադրերն են որոշում որևէ երևույթի վերաբերյալ գնահատականը։ Եթե կադրերը լավը չեն, առաջընթաց հնարավոր չէ։ Սխալ կադրերով առաջընթաց չկա։ Բայց եթե սկզբունքն այն է, որ կոռուպցիա չկա, թալան չկա, ապա բոլորն էլ կարող են աշխատել խաղի նոր կանոններով։ Միևնույն ժամանակ, եթե Նիկոլի տրամաբանությամբ շարժվենք, ապա դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը սխալվեց, ապա շատ արագ կազատվի աշխատանքից։ Դրա համար ոչ մեկ անփոխարինելի չէ։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով