Մամուլ

Դրական փոփոխություն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում. տոկոսադրույքը կնվազի մինչեւ 5,5-7,5 տոկոս

ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի իր նիստում փոփոխություններ կատարեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»  պետական նպատակային ծրագրում, որով բարելավվում են առաջարկվող պայմանները: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ եթե գործող կարգավորումներով այս ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10,5-11 տոկոսը, ապա հիմա այդ ցուցանիշը նվազում է 9,5 տոկոս, որից Երեւանում պետությունը սուբսիդավորում է երկու տոկոսը, իսկ մարզերում՝ 4 տոկոսը: Ստացվում է, որ Երեւանում վարկավորման տոկոսադրույքը նվազում է մինչեւ 7,5, իսկ մարզերում՝ 5,5 տոկոսի:

«Խոսքը վերաբերում է 3342 միավոր գործարքի մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը: Նախատեսում ենք, որ այս փոփոխությունների արդյունքում դրանց թիվը 20 տոկոսով կաճի: Այս գործարքները հավասարաչափ բաշխված են Երեւանում եւ մարզերում»,-ասաց Ջանջուղազյանը:

Բացի այդ, ավելացվում է վարկ վերցնողների առավելագույն տարիքային շեմը: Եթե ներկայումս երիտասարդ ընտանիք է համարվում եթե ամուսինների գումարային տարիքը 65 տարեկան է, հիմա առաջարկվում այն դարձնել 70 տարեկան:

Հաջորդը վերաբերում է կանխավճարին. եթե գործող կարգավորումներով կանխավճար է սահմանված 30 տոկոսը, ապա հիմա այս փոփոխությամբ կանխավճարը նվազեցվում է մինչեւ 10 տոկոս, իսկ այդ 20 տոկոս տարբերության համար կանխավճարի ապահովագրման ինստիտուտ է ներդրվում:

Նախարարը նշեց, որ նորակառույց բնակարան ձեռք բերելու դեպքում շահառուները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիփոթեքային վարկի տոկոսավճար օգտագործելու հնարավորությունից:

Ջանջուղազյանի խոսքով, նորակառույց բնակարանի դեպքում բնակարանի արժեքի առավելագույն չափ է ընդունվել 30 մլն դրամը, հետեւաբար տրամադրվող վարկի առավելագույն գումարը կլինի 24 մլն դրամ, եւ այս դեպքում կանխավճարը կազմում է 20 տոկոսը: Այս դեպքում քաղաքացին կարող է օգտվել այդ 20 տոկոսից 10-ի ապահովագրման ինստիտուտից:

Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաեւ հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 եւ ավելի տոկոս կանխավճարի եւ տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:

Միաժամանակ նախատեսվում է նաեւ երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով եւ առավելագույնը մինչեւ 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչեւ 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում այս դեպքում եւս Ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը եւ կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:

Նշենք, որ երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակարանի գինը Երեւանում եւ մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (նորակառույց) ձեռքբերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով