ՄամուլՔաղաքականություն

Դուք մարդ սպանե՞լ եք. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 21 հարց Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը 2005 թվականի դեկտեմբերի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրած «Հանրային Հաշվետվության Քաղաքացիական Պահանջագրով» 21 հարց էր ուղղել:

«Հայաստանի Հանրապետության հռչակումից 14 տարի անց, ինքնիշխան, իրավական ու ժողովրդավարական երկրում ապրելու սահմանադրական երաշխիքի հիման վրա, արցախյան ազատամարտի հայտարարված հաղթանակի լույսի տակ եւ երկնիշ զարգացման պաշտոնական հավաստիքից ելնելով` հետեւյալ հանրահարցերի ճշմարիտ, ամբողջական ու հաշվետու պատասխաններ եմ պահանջում Ձեզանից: Եթե կարելի է` դրանք հրապարակել մինչեւ ս.թ. դեկտեմբերի 16-ը:

1. Հայաստանը համարու՞մ եք անկախ, ինքնիշխան պետություն:

2. Լեռնային Ղարաբաղը համարու՞մ եք անկախ, ինքնիշխան պետություն:

3. Դուք ո՞ր երկրի կամ երկրների քաղաքացին եք:

4. Նախորդ հարցի պատասխանը` թե բովանդակային, թե ժամանակագրական չափումով, կապ ունի՞ Ձեր` Արցախը լքելու եւ Երեւան գալու հետ:

5. Արցախը չլքած շարքային քաղաքացին ո՞ր երկրի կամ երկրների քաղաքացի է:

6. Դուք` Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանի Հանրապետությունում իշխանավարման ընթացքում, պատերազմի ճակատային գործողություններից դուրս մարդ սպանե՞լ եք, կամ պատճառե՞լ եք մարդու սպանություն, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք մարդու սպանության մասին, կամ ներկա եղե՞լ եք մարդու սպանության:

7. Եթե նախորդ հարցի պատասխանը դրական է` կնշեի՞ք արդյոք զոհերի անունները, ազգությունը (հայ թե այլ), համապատասխան թվականները եւ հանգամանքները:

8. Դուք` Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանի Հանրապետութունում իշխանավարման ընթացքում, անմեղ մարդկանց ազատազրկե՞լ եք, կամ պատճառե՞լ եք նման ազատազրկում, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք նման ազատազրկման մասին:

9. Եթե նախորդ հարցի պատասխանը դրական է` կնշեի՞ք արդյոք զոհերի անունները, ազգությունը (հայ թե այլ), համապատասխան թվականները եւ հանգամանքները:

10. 1991 թվականին՝ ի՞նչ սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, կալվածային եւ այլ` թե անձնական եւ թե որպես բիզնես, թե ուղղակի եւ թե այլոց անուններով ձեւակերպված) տեր էիք Դուք, Ձեր ազնվափայլ տիկինը, Ձեր եւ նրա անմիջական ընտանիքը` անդամ առ անդամ:

11. Այսօրվա դրությամբ` ի՞նչ սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, կալվածային եւ այլ` թե անձնական եւ թե որպես բիզնես, թե ուղղակի եւ թե այլոց անուններով ձեւակերպված) տեր եք Դուք, Ձեր ազնվափայլ տիկինը, Ձեր եւ նրա անմիջական ընտանիքը` անդամ առ անդամ:

12. Նախորդ երկու հարցերի պատասխանների տարբերությունը, եթե այն կա, ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով եք բացատրում:

13. Նախորդ երեք հարցերի պատասխանները կարո՞ղ եք նաեւ ապահովել Ձեր օրինակով ու հրահանգով աշխատող անձնակազմի պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ:

14. Դուք Ձեզ համարու՞մ եք ազնվորեն ընտրված:

15. Դուք Ձեր օգտին կատարված ընտրակեղծիքների մասին ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում:

16. Այդ ընտրակեղծիքների ո՞ր բաժինն է կատարվել Ձեր ցուցումով, եթե այդպես է, ո՞րը Ձեր գիտությամբ, իսկ ո՞րը Ձեր անտեղյակության պայմաններում:

17. Նախորդ երկու հարցերին պատասխանեք, խնդրեմ, նաեւ սահմանադրական հանրաքվեի գործընթացի կապակցությամբ:

18. Գույք` պարտքի դիմաց Ձեր նախաձեռնած գործարքում, ինչպես նաեւ հեռահաղորդակցության եւ էներգետիկ բնագավառներում առաջին հայացքից անթափանցիկ, բայց ըստ էության խիստ թափանցիկ քաղաքականության մեջ` ինքնիշխան երկրի ընտրված նախագահի առկայության որեւէ նշույլ զգու՞մ եք:

19. Դուք համարու՞մ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված հասարակարգի կայացման:

20. Ձեր կարծիքով` Հայաստանի քաղաքացին, Արցախցի մարդը, Հայ ժողովուրդը երաշխավորված իրավունք ունի՞ այս հարցերը տալու ու պատասխաններ ստանալու:

21. Ձեր բոլոր պատասխանները` թե հրապարակային, թե գիտակցության լռելյայն խորքում, ճշմարտությու՞նն են, ամբո՞ղջ ճշմարտությունն են, միմիա՞յն ճշմարտությունն են:

Վստահ եղեք, որ նման հարցաշար կհղվի նաեւ Ձեր հերթափոխին, բայց այդ դեպքում արդեն` մինչեւ նրա ընտրությունը: Շնորհակալություն ուշադրության համար:

9 դեկտեմբերի 2005թ.

Երեւան»:

Կիսվել նյութով