Մամուլ

Դատապարտել և դատապարտելու եմ աղանդավորության և նույնասեռականության ցանկացած քարոզ. Շարմազանով

Դատապարտել եւ դատապարտելու եմ աղանդավորության եւ նույնասեռականության  ցանկացած քարոզ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հայտարարությունում ասվում է. «Առաջնորդվելով ազգային եւ քրիստոնեական արժեքների ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտությամբ՝ վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ իմ մտագոհությունները այս կարեւորագույն հարցի վերաբերյալ:

Հայաստանը, լինելով քրիստոնեական օազիս պանթուրքիստական պետությունների միջեւ, դատապարտված է ապրելու բացառապես հենվելով քրիստոնեական եւ ազգային արժեհամակարգի վրա:  Որոնք են այդ արժեքները. հայ ավանդական ընտանիք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, դպրոց, որը նախ եւ առաջ պետք է լինի հայրենասիրության տաճար եւ ազգային բանակ:

Արդյոք մենք պատշաճ կերպով պաշտպանել ենք այդ արժեքները: Արդյոք այսօր Հայաստանում առկա են ապազգային չարժեքների, աղանդավորության եւ նույնասեռականության քարոզի տարրեր:

Վերջին ամիսները լի էին մտահոգիչ իրադարձություններով`ներխուժում Մայր Աթոռի վեհարան, հարձակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նույնասեռականության բացահայտ քարոզ եւ նմանատիպ այլ երեւույթներ: Գործը հասել է նրան, որ որոշ «կարկառուն գործիչներ» առաջարկում են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցներից, իսկ կառավարությունն էլ որեւէ հստակ գնահատական չի տվել դրանց առ այսօր, ինչպես ասում են՝ լռությունը համաձայնության նշան է՞:  Սա անթույլատրելի է:

Մտահոգված լինելով այս իրողություններով՝ գործընկերներիս  հետ երկու օրենսդրական նախաձեռնությամբ էի հանդես եկել, որոնց համաձայն՝ երեխաների շրջանում պետք է արգելվի թմրամիջոցների եւ նույնասեռականության  քարոզը: Մյուս օրենսդրական նախառեձնությամբ առաջարկում էի օրենքով արգելել բողոքի հավաքների կազմակերպումը Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող հաստատությունների տարածքում: Բայց արի ու տես Փաշինյանի կառավարությունը այս երկու օրենսդրական նախաձեռնություններին էլ տվել է բացասական եզրակացություն, որը մեղմ ասած`ընդունելի չէ:

Կարծում եմ`այս գումարման Ազգային ժողովը դժվար թե հասցնի քննարկել այս օրենքները, բայց հուսով եմ, որ նորընտիր Ազգային ժողովում այս օրենքները պետք է քննարկվեն եւ ընդունվեն:

Ես շարունակելու եմ պայքարել եւ՛ Խորհրդարանում եւ՛ այլ հարթակներում  ազգային եւ քրիսատոնեական արժեքների զարգացման ու պահպանման համար: Ինչպես ՀՀԿ առաջնորդ Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր նշում. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների եւ հոմոսեքսուալների պաշտպան, ես նրանց պաշտպան լինել չեմ կարող»: Սա Սպարապետ Վազգենի խոսքերն են, իսկ ես որպես թե՛ պատգամավոր, թե՛ քաղաքացի դատապարտել եւ դատապարտելու եմ աղանդավորության եւ նույնասեռականության քարոզը:

Կիսվել նյութով