Մամուլ

Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների վերադարձի» վերաբերյալ հայտարարությանը

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել EVN Report-ին:

Դեսպանի հարցազրույցը մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն: Օկուպացիան իր մեջ պարունակում է հետևյալ հանգամանքները՝ ուրիշի տարածքի զավթումը՝ սեփական կարիքների համար, նախօրոք ծրագրավորված զավթում։ Մենք որևէ մեկի տարածքը չենք զավթել՝ ինչ-ինչ պատճառների, սեփական կարիքների համար։

Արցախյան շարժման վերջին փուլը, որն սկսվել է 1988թ., այնտեղ որևէ խնդիր չի եղել տարածքների վերաբերյալ, Արցախը փորձել է ինքնորոշվել, որովհետև մեզ համար գոյության տարբերակ չկար Ադրբեջանի կազմում։ Հետևաբար՝ այն ժամանակ մենք մտածում էինք, որ կարգավիճակի փոփոխությունն ավտոմատ թույլ կտա մեզ գոյատևել, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ. Ադրբեջանը հարձակվեց, փորձեց ոչնչացնել մեզ, ցեղասպանություն կատարեց ամբողջ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում։

Մենք որպեսզի փրկվենք, ստիպված եղանք կրակակետեր ոչնչացնել, և փոխվեց քարտեզը, փոխվեցին սահմանները։ Իհարկե, օկուպացված տարածքները պետք է վերադարձնենք, բայց մենք չունենք օկուպացված տարածքներ: եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, մենք պետք է խոսենք համապարփակ կարգավորման մասին, այնպիսի կարգավորման մասին, որ դրանից հետո որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի՝ հարձակվել և հարցը կարգավորել ուժային տարբերակով։ Իսկ եթե Արցախը սահմանների առումով վերադառնում է 1988 թիվը, ապա, բացի նրանից, որ լինելու է սարսափելի հարված մեր անվտանգությանը, ինքնությանը, սա նաև կլինի գայթակղության աղբյուր։ Հետևաբար, վերադարձ անցյալի՝ չկա, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։

Բացի դրանից, չգիտես ինչու, խոսում են միայն մեր մասին։ Իսկ Ադրբեջանը չպե՞տք է հրաժարվի իր ֆաշիստական հռետորաբանությունից, չպե՞տք է վերանայի իր քաղաքականությունը»։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը նկատել է՝ պետք է համապարփակ մոտեցում լինի, բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի Արցախի հիմնահարցը կարգավորվի, այլ տարբերակ չկա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Բաբայանը:

Կիսվել նյութով