Մամուլ

Բաքուն պահանջում է Հայաստանից դուրս բերել զորքերը Ղարաբաղից

«Առաջին լրատվական»-ը գրում է․ Բաքուն ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է արել պահանջել Հայաստանից դուրս բերել զորքերը Ղարաբաղից: «Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր պարտավորությունները՝ Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային այլ իրավական փաստաթղթերի համաձայն և դուրս բերել զորքերը Ղարաբաղից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանը, համաձայն Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի սկզբունքների, կապահովի իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է Հաջիևը:

Բաքվում, անշուշտ, հասկանում են, որ ԵԱՀԿ անդամ երկրներին հասցեագրված իրենց պահանջը իրագործելի չէ․ հենց ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով, և հեղինակավոր կազմակերպության անդամ որևէ երկիր երբեք չի ձեռնարկի միակողմանի քայլեր, որոնք հակասում են կարգավորման տրամաբանությանը կամ կարող են վնասել գործընթացին։

ԼՂ խնդիրը պահանջում է համապարփակ լուծում, որտեղ առաջնայինը ԼՂՀ կարգավիճակի ու անվտանգության հարցերն են, ու անկարելի է պատկերացնել, որ մինչև համապարփակ կարգավորման փաստաթղթի ստորագրումը կարող է օրակարգում հայտնվել դրա դետալներից մեկը կամ առանձին վերցրած որևէ խնդիր, որը կարող է փլուզել փխրուն ստատուս-քվոն։

Բաքվի այսօրվա քաղաքականությունը կառուցված է նոր պատերազմի սանձազերծման մարտավարության վրա․ Ադրբեջանի իշխանությունները զբաղված են պատերազմի, այսպես կոչված, իրավա-քաղաքական հիմքերի ստեղծմամբ ու իմիտացնում են, թե սպառել են խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները՝ հանդիպելով միջազգային կազմակերպությունների իբրև թե ոչ ադեկվատ արձագանքին։

Ադրբեջանի նոր առաջարկությունը հենց այս համատեքստից է․ հիմքեր են ստեղծվում ԵԱՀԿ-ի կամ նրա Մինսկի խմբի համանախագահության անաչառությունը կասկածի տակ դնելու համար։ Բաքվում տպավորություն են ստեղծում, թե իբր չեն գործում միջազգային իրավունքի նորմերը ու իրենք հարկադրված են դիմել պատերազմի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Ադրբեջանի իշխանությունն արկածախնդի՞ր է, թե՞ նրա ռազմատենչ հայտարարությունները կառուցված են աշխարահաքաղաքական կամ տարածաշրջանային գործոնների համադրմամբ։ Ադրբեջանի իշխանության հռետորաբանությունը ու նաև առաջնագծի նախիջևանյան հատվածում ուժերի կուտակումն ավելի ինտենսիվ են դարձել հատկապես Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

Բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ Բաքվում ադեկվատ պատկերացում չունեն այն իրադարձությունների, գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Ըստ ամենայնի՝ հարևան երկրում կարծում են, թե հեղափոխությունը քաոտիկ վիճակ է ստեղծել Հայաստանի պետական համակարգում կամ զինված ուժերում։

Հայաստանում հակակոռուպցիոն ակտիվ պայքարը, նախկինում տեղի ունեցած հանցագործությունների ակտիվ բացահայտումները որոշակի սխեմատիկ, ոչ ադեկվատ ընկալում են առաջացրել նույնիսկ մոսկովյան քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, որոնց թվում է՝ մեր երկրում անհաշտ պայքար է ծավալվել էլիտաների միջև, ինչը ռիսկեր է ծնում անվտանգային միջավայրի համար։

Սա իրականության հետ, մեղմ ասած, կապ չունեցող կարծիք է․ Հայաստանում տեղի ունեցող հակակոռուպցիոն ու հակաօլիգարխիկ կամպանիան պետական համակարգն ազատում է կրիմինալ շերտից՝ այն դարձնելով ավելի կենսունակ ու ֆունկցիոնալ առումով՝ արդյունավետ, մյուս կողմից՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ հասարակությունն առավելագույնս է կոնսոլիդացված պետական ինստիտուտների, համազգային օրակարգի շուրջ։

Սա է հայաստանյան իրականությունը, որը, սակայն, եթե համարժեք չեն պատկերացնում դաշնակից Ռուսաստանում, առավել ևս չեն կարող պատկերացնել Ադրբեջանում, մանավանդ որ նրանց համար Հայաստանը դեռ չափելի է Սերժ Սարգսյանի իշխանության որակով ու մենթալիտետով, ինչը շատ տարբեր չէ այն ռեժիմից, ինչը գոյություն ունի Բաքվում։

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք սթափեցնող նշանակություն պետք է ունենային Ադրբեջանի համար, սակայն, ինչպես երևում է, Բաքվում համապատասխան հետևություններ չեն արել։ Ադրբեջանում պատրաստվում են պատերազմի հին Հայաստանի հետ՝ պատրաստ չլինելով նոր Հայաստանի հակահարվածին։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով