Մամուլ

Աշխարհում ընդունված է, որ արտիստները դառնում են մինչև անգամ նախագահներ․ Հայկ Մարությանին տեսնու՞մ են քաղաքապետի պաշտոնում

Այս օրերին շրջանառվում են Երևանի քաղաքապետի թեկնածուների անուններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի Երևանի քաղաքապետի 4 թեկնածու՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան, դերասան Հայկ Մարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյան և ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյան: «Ժողովուրդ» օրաթերթը մշակույթի գործիչներին հարցրել է՝ արդյոք Հայկ Մարությանին տեսնո՞ւմ են քաղաքապետի պաշտոնում:

Դերասան Սերգեյ Դանիելյանի խոսքով՝ Հայկ Մարությանը առիթ ունեցել է հանդես գալ որպես պրոդյուսեր, և նրա ֆիլմերը՝ որպես բիզնես-պլաններ, բավական մեծ հաջողություն են ունեցել. «Աշխարհում ընդունված է, որ արտիստները դառնում են նահանգապետեր, քաղաքապետեր, մինչև անգամ նախագահներ: Քաղաքապետը մասնագիտություն չէ. պաշտոն է, որը կարող է ստանձնել յուրաքանչյուր գրագետ և բարեխիղճ մարդ, որը քիչ թե շատ հասկանում է բիզնեսից: Մեզ մոտ խնդիրը նորմալ թիմ հավաքելն է: Փաշինյանը չի կարողանում նորմալ թիմ հավաքել, թեև ունի անհատներ: Եթե Հայկ Մարությանը կարողանա թիմ հավաքել, կլինի բարեխիղճ քաղաքապետ: Մնացածը ցույց կտա ժամանակը»,-մեկնաբանեց նա:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ Հայկ Մարությանին չի ճանաչում, նրա մասնակցությամբ որևէ ֆիլմ, սիթքոմ չի դիտել, փոխարենը լսել է Հանրապետության հրապարակում ունեցած ելույթներից մեկը և այնքան էլ չի տպավորվել:

Իսկ, առհասարակ, պարոն Բաբայանի կարծիքով՝ նշանակություն չունի՝ քաղաքապետն ինչ մասնագետ է՝ դերասան, թե, օրինակ, բժիշկ: Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ևս դերասան էր, և նրան հաջողվեց լինել նաև լավ կառավարիչ. «Այնուամենայնիվ, ապագա քաղաքապետը պետք է շատ լավ ճանաչի քաղաքը. սա շատ կարևոր է: Լոնդոնում կա տաքսի ծառայություն, որը պատկանում է թագուհուն: Այդ ծառայության վարորդները այդտեղ աշխատանքի անցնելուց առաջ հինգ տարի ամբողջ Լոնդոնում հեծանիվ են վարել՝ քաղաքի ամեն անկյունին ծանոթանալու համար: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե մեր ապագա քաղաքապետն էլ այդ փորձին հետևի, ճանաչի Երևանը՝ իր արվարձաններով և աղբավայրերով, ունենա Երևանը զարգացնելու և բեռնաթափելու վերաբերյալ հստակ ծրագիր, կիրառի համակարգված, կոնցեպտուալ մոտեցում»,-եզրափակեց պարոն Բաբայանը:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով