Մամուլ

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է տիրում էլեկտրաէներգիայի սակագնի նվազման քննարկումներից հետո:

Նախարարը տեղեկացրեց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները և քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գնահատել են այս պահին ՀՀ էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:

«Այս պահին վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել, դրանք կապված են ատմոյակայանի՝ նախադեպը չունեցող աշխատանքների հետաձգման հետ»,-նշեց Ա.Գրիգորյանը: Նախարարի կարծիքով` դա կարող է սակագնի վրա ազդեցություն ունենալ և, այդ ռիսկը հաշվի առնելով, չեն ուզում գնալ այդ քայլին:

Նախարարը հայտնեց, որ 10 դրամով կարող են նվազեցնել անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագները: «Տարվա վերջ կգնահատենք մեր էներգահամակարգի ամբողջ հնարավորությունները: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, գտնում ենք, որ մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անպահով ընտանիքների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազար է»,- իր ելույթում նշեց Ա.Գրիգորյանը:։

Share