Մամուլ

Այսօր Սուրբ Զատիկ է. Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»….

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն, սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։

Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Ի՞նչ կերակուրներ դնել Զատկի սեղանին

Զատկի տոնին սեղաններին դրվում է ձկնեղենից պատրաստված ուտեստներ,կարմիր ներկած ձու,գինի,չամիչով և բրնձով փլավ, քաշովիներ, ուտելի բույսեր:Չամիչով փլավը պարտադիր է Զատկի սեղանին, քանի որ քրիստոնեական խորհուրդ ունի՝ սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին:

Կիսվել նյութով