Մամուլ

Այսօր Արցախյան պատերազմի կենդանի լեգենդ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է

Այսօր Սասուն Միքայելյանը նշում է իր 60-ամյակիը։

Միքայելյանը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 7-ին Հրազդանի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է «Սասուն» ջոկատի հրամանատար։

1976-78 թվականներին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը (1997) և Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (2002)։ 1978-83 թթ. աշխատել է ՌԴ Դոնի Ռոստով, Կուրգան, Չելյաբինսկ քաղաքների շինարարական կազմակերպություններում. 1983-87 թթ.՝ Հրազդանի ավտոձեռնարկաթյունում, 1996-99-ին՝ Հրազդանի քաղաքապետ։

1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988-ին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա. Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը ՀՀ։ 1990-94-ին «Սասուն», «Կոռնիձոր», «Սասունցի Դավիթ» և այլ կամավորական ջոկատների. «Փառանձեմ» ծածկանունով գործող խափանարարական խմբի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

1999-2003 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ 2003-2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել։ 2007 – 2012 թթ. Ազգային ժողովի պատգամավոր թիվ 25 ընտրատարածքից։

2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել էր։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թ. համաներմամբ ազատ է արձակվել։

2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:

2015թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Կիսվել նյութով