ԺամանցՄամուլ

Այն պահը, երբ հարսն ու փեսան հայտնվեցին Երևանյան գույների մեջ (Լուսանկարներ)

Գույների հրավառություն, բարձր երաժշտություն և վազք. Ստեփան Շահումյանի անվան հրապարակում մեկնարկեց Yerevan Color Run 2018 միջոցառումը: Սկսած 2015 թվականից Run Armenia կազմակերպությունը իրականացնում է ամենամյա այս միջոցառումը, որի նպատակն է երջանկացնել Հայաստանը գունազարդ վազքի միջոցով:

Yerevan Color Run-ը վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի 35 երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան: Վազքի այս ձևաչափում սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի՝ կարևորը բարձր տրամադրությունն ու դրական էներգիան է: Միջոցառումը մեկնարկեց Ֆիտնես-նախավարժանքով:

Yerevan Color Run5

Մասնակիցների գունազադր վազքը սկսվեց Շահումյանի հրապարակից դեպի Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով մինչև սկզբնակետ՝ Շահումյանի հրապարակ: Այս տարի Երևան քաղաքի ծննդյան 2800 ամյակի կապակցությամբ վազքուղու երկարությունը 5000 մետրի փոխարեն խորհրդանշական՝ 2800 մետր էր:

Yerevan Color Run 2018-ն իր ներկայությամբ առավել հետաքրքիր դարձրեց հարսանեկան զույգը: Մինչ եկեղեցի գնալն ու հարսանեկան խնջույքը, Ռիման և Ռուդոլֆը կյանքի կարևորագույն օրը որոշել էին սկսել գունազարդ վազքից: Նորապսակները պատմեցին, որ սա հատուկ մտածված քայլ է եղել՝ իրենց օրն առավել հիշարժան դարձնելու համար:

Yerevan Color Run1

«Ուզում էինք ավելի կրեատիվ դարձնել մեր հարսանեկան օրը, գումարած դրան այսօր նաև իմ ծննդյան օրն է,-ասաց փեսան ու նկատեց, սա նաև խորհուրդ կունենա իրենց համար,- Մեր կյանքն էլ ենք գունավոր դարձնելու, ինչպես այս օրն է: Մի փոքր շուտ կլքենք միջոցառումը, որ հասցնենք ներկերը մաքրել, զգեստափոխվել ու ներկայանալ մեր հարսանեկան արարողությանը»:

Մինչ հեռանալը, սակայն, նորապսակները իրականացրին հարսանեկան ամենասպասված արարողություններից մեկը. հարսնացուն ծաղկեփունջը նետեց մասնակիցների ուղղությամբ:

Yerevan Color Run4

Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ, միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ղազար Հակոբյանը նշեց, որ Yerevan Color Run 2018-ը այս տարի որոշ փոփոխությունների է ենթարկվել: Դրանցից մեկը՝ բուհերի ուսանողների մասնակցությունն է:

«Հաջորդ կարևոր փոփոխությունը այն է, որ միջոցառմանը մասնակցում են նաև ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարդիկ: Գունազարդ վազքի պատմության մեջ դեռ նման բան չի եղել: Այսկերպ մենք ցույց ենք տալիս, որ անտարբեր չենք նրանց նկատմամբ, միաժամանակ հրավիրում ենք բոլորի ուշադրությունը այդ մարդկանց խնդիրներին: Եվ իհարկե, հաջորդ կարևոր առանձնահտկությունը, որ այս տարի Երևանի 2800-ամյակն է լրանում և մենք էլ փորձել ենք նման գեղեցիկ տոն կազմակերպելով շնորհավորել քաղաքի տարեդարձը»:

Վազքուղին առաջինը հաղթահարած երեք տղաները և աղջիկները ստացան նվեր փաթեթներ: Միջոցառումն ամփոփվեց գույների հրավառությամբ:

Աղբյուր՝ Tert.am

Կիսվել նյութով