ԺամանցՇոու-բիզնես

Ամուսնության առաջարկ՝ թատրոնի բեմում. դերասան Արման Մեժլումյանն իրականացրել է սիրելիի երազը (Տեսանյութ)

Օրերս Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում թատրոնը վերածվել էր իրականության: «Խանումա» ներկայացումից հետո բեմում գտնվող արտիստների պահանջով բեմ բարձրացավ նույն թատրոնի դերասան Արման Մեժլումյանն ու ներկայացումը եզրափակեց ինքնատիպ վերջաբանով՝ սիրելիի համար անսպասելի ու ինքնատիպ ամուսնության առաջարկությամբ:

«Մեկ տարուց ավելի է, որ հանդիպում ենք: Մեր ընկերությունից շուրջ երեք ամիս անց ընտրյալս եկավ մեր թատրոն՝ ներկայացում դիտելու: Երևի շատ էր տպավորվել, որովհետև օրեր անց պատմեց, որ ներկայացումից հետո երազ է տեսել՝ իբր իրեն առաջարկություն եմ անում բեմի վրա: Իհարկե, ամիսներ շարունակ այդ երազը մտապահեցի ու իր երազանքն իրականություն դարձրեցի: Անակնկալի եկավ: Այնքան չէր սպասում իմ այս քայլին, որ այս դեպքից մեկ օր առաջ, երբ հրավիրում էի իրեն ներկայացման, տատանվում էր՝ գա՞, թե՞ ոչ, քանի որ աշխատանքի բերումով հնարավոր է՝ չկարողանար: Լավ է, ստացվեց, ու ամեն ինչ անցավ այնպես, ինչպես մտածել էի», – Aysor.am-ին պատմել է դերասանը:

Խոստովանում է՝ բնույթով բոլորովին ռոմանտիկ չէ, ու սա նմանատիպ առաջին դրսևորումն էր: Նպատակն իրականացնելու հարցում օգնել է թատերական ընտանիքը՝ հոգալով բոլոր մանրուքների մասին: Այսկերպ, նաև ի չիք են դառնում այն խոսակցությունները, թե ռուսական թատրոնում մթնոլորտը խաղաղ չէ:

«Կարելի է ասել՝ ամեն ինչ պահի տակ որոշվեց: Այո՛, մտահղացումն իմն էր, բայց առանց կոլեգաներիս անհնար էր ի կատար ածել, ոչինչ չէր լինի, եթե չլիներ թատրոնի կոլեկտիվի աջակցությունը: Բոլորը մեծ ուրախությամբ համաձայնվեցին մասնակցել ու ամենամեծ աշխատանքը հենց իրենք էլ կատարեցին, ես ընդամենն ասացի նպատակիս մասին, մնացածն իրենք իրենց ուսերին վերցրեցին: Բոլորից շատ գոհ ու շնորհակալ եմ: Գիտեք, լրատվամիջոցները հաճախ տարածում են, իբր մեր թատրոնում վատ մթնոլորտ է տիրում: Կարծում եմ՝ այս համախմբված միջոցառմամբ այդ ամենը հերքվեց», – շեշտեց մեր զրուցակիցը:

Դերասանի ընտրյալը մասնագիտությամբ դիզայներ Քրիստինե Ղարաբաղցյանն է: Ի դեպ, ամուսնության առաջարկության ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանի մտահղացմամբ նրա գլխին հարսի քող հայտնվեց: Բայց դա ոչ թե ամուսնության, այլ՝ նշանադրության խորհրդանիշ էր:

«Կարելի է ասել, որ հենց այդ օրը նշանադրվեցինք: Սակայն պաշտոնական, նույնիսկ կասեի՝ հայկական ավանդական նշանադրությունն առջևում է», – հավելեց նա:

Անդրադառնալով էկրանային գործունեությանը՝ Արման Մեժլումյանն ընդգծեց, որ այս ընթացքում նկարահանվում է միայն Շանթ հեռուստաընկերության «Outdance 3» սիթքոմում: Այլ առաջարկներ կան, բայց բեմական և էկրանային զբաղվածությունները թույլ չեն տալիս ընդունել դրանք:

Աղբյուր՝ Aysor.am

Կիսվել նյութով