Մամուլ

Ադրբեջանցիները եկել նստել են մեր պոստերում, ո՞վ է դրա համար պատասխան տալու

Արարատի մարզի Զանգակատուն գյուղը հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ահազանգեցին Զանգակատան ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Ժորա Մկրտչյանն ու ծնունդով Զանգակատուն գյուղից պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։

Արմեն Կարապետյանը նշեց, որ սահմանամերձ գյուղը 25 տարուց ավելի գտնվում էր խաղաղ վիճակում, լարվածություն չկար սահմանին։ Պատկերը, սակայն, կտրուկ փոխվել է այս տարվա հունվարին։

«Գրեթե հանելուկային պայմաններում, անհասկանալի իրավիճակում, այն տարածքները, որոնք ազատամարտիկները ազատագրել էին 1991-92թթ․, հայտնվել են մեր հակառակորդի տիրապետության ներքո։ Գյուղացիները շատ անհանգստացած են, թե այդ ամենն ինչպես տեղի ունեցավ, ինչպես հակառակորդը նորից, խաղաղ ձևով տեր դարձավ ազատագրված տարածքներին։

Գյուղը խաղաղ ապրում էր, ոչ մի լարվածություն չկար։ Բայց մեր դիրքերը հանձնելուց հետո, որի մասին ոչ մեկը բացատրություն չի տալիս, գյուղը եւ հարակից համայնքները հայտնվել են լարվածության մեջ։ Տալիս են անորոշ, հեղհեղուկ պատասխաններ, և անհայտ է մնում, թե ինչպես եղավ, որ մեր դիրքերը անցան հակառակորդի ձեռքը»,- ասաց Արմեն Կարապետյանը։

Ժորա Մկրտչյանը հիշեց, թե ինչպես են ազատագրել այդ տարածքը, ինչպես այս տարվա սկզբին դիտակետերը հանել տվեցին։ Նա պահանջում է, որ իշխանությունները պարզաբանեն, թե ինչու, ում համաձայնությամբ են հանել դիտակետերը, ինչու մեր կողմից չի եղել դիմադրություն։

«Մի 6-7 պոստերում նստած են իրենք (նկատի ունի ադրբեջանցիներին)։ Երկու հոգի այս մեկ շաբաթվա ընթացքում վիրավորվեցին, լինում են հրդեհներ։ Ինձ համար պարզ չէ, թե սա ինչ ծրագիր էր, ինչպես մարդիկ եկան, նստեցին, ով է դրա համար պատասխան տալու։

Դա եղել է Հայաստանի նախկին ղեկավարության օրոք, լռելյայն, իրենց համաձայնությամբ։ Որևէ մի գեներալ դա ինքնակամ չէր անի։ Այն ժամանակ, երբ մենք այդ տարածքն ազատագրել էինք, սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր, որ դա շատ վտանգավոր տարածք է։ Եվ հիմա, որտեղ նստած են ադրբեջանցիները, կարող են իրենց սնայպերները նշանառության տակ պահել Երևան-Եղեգնաձոր մայրուղին»,- ասաց Ժորա Մկրտչյանը։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ newstime.am-ում

Կիսվել նյութով