Մամուլ

ԱԱԾ-ն 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերադարձրել 8-9 անգամ ավել գումար, քան ամբողջ 2017 թ. ընթացքում․ Ա. Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ-ն իմ ղեկավարման 100 օրվա ընթացքում շատ ձեռքբերումներ է ունեցել, բայց միայն մի տվյալ կառանձնացնեմ. այս 100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը մոտ 8-9 անգամ ավելի է ամբողջ 2017 թ. պետական բյուջե վերականգնված գումարից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես սա պայմանավորում եմ նոր ստեղծված իրավիճակով: Մեր վարչապետի և նոր կառավարության մոտեցումները շատ տարբերվում են նախկին իշխանությունների գործողություններից»,- հայտնեց ԱԱԾ տնօրենը: Ճշտող հարցին, թե ԱԱԾ-ն միշտ պրոֆեսիոնալ էր, և այս արդյունքի համար իշխանությունն ընդամենը կա՞մք պետք է ցուցաբերեր, Արթուր Վանեցյանը դրական պատասխան տվեց:

Անդրադառնալով իր կողմից նախկինում արված այն հայտարարությանը, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ օգտագործված լինելու վարկածի հարցին՝ Ա. Վանեցյանը նշեց. «Քննություն է իրականացվում, փորձաքննությունը բավականին երկար է տևում: Համակարգչային գործ չէ, ֆիզիկապես պետք է վերցնեն ամեն մի պարկուճ, զենքից կրակոց արձակեն և դնեն մանրադիտակով նայեն: Դա ժամանակատար է, ՀՔԾ-ն այդ հարցին կպատասխանի առաջիկայում»:

Հարցին, թե առաջիկայում նոր ձերբակալություններ կտեսնե՞նք և ո՞ր պաշտոնյաներն են ԱԱԾ թիրախում, Վանեցյանը պատասխանեց. «ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք կխախտեն քրեական օրենսգիրքը, նրանք միշտ կհայտնվեն մեր թիրախում՝ կապ չունի բարձրաստիճան պաշտոնյա է, բիզնեսմեն է, սովորական մարդ է՝ ով որ լինի: Բոլորը պետք է իմանան, որ եթե խախտվեց օրենքը՝ իրենք անմիջապես հայտնվելու են մեր թիրախում»:

Հարցին, թե տարածված կարծիք կա, որ ԱԱԾ-ին ավելի շատ հետաքրքրում են հեղինակավոր անուն ունեցող անձիք, քան խոշոր ընկերությունները, ԱԱԾ տնօրենն ասաց, որ նման բան չկա: «Լրագրողներին և հասարակությանն է հետաքրքրում մեծ-մեծ անունները և բացահայտումները: Եթե սովորական մեկի մասին ինչ-որ բան հայտարարենք, կասեն՝ դե ինչ է, սովորական մարդ է, գնացին, բռնեցին»,- նշեց նա:

Արթուր Վանեցյանը հերքեց նաև այն տեղեկությունները, որ ԱԱԾ-ին օպերատիվ տվյալներ են փոխանցում իրավապահ համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները: «Մեզ օպերատիվ տվյալներ են տալիս բազմաթիվ մարդիկ, որի համար շատ շնորհակալ ենք, բայց երբևիցե Ազգային անվտանգության ծառայությունն իր օպերատիվ աղբյուրների մասին ոչ մի պարագայում չի բարձրաձայնում: Դա ամենախիստ պահպանվող գաղտնիքն է այս աշխարհում: Մամուլն ուղղակի ենթադրություններ է անում»,- ասաց Ա. Վանեցյանը:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում