Մամուլ

«Хочеш жить – умей вертеться» մոտեցումով պետություն չենք կարող կառուցել»․ Էդուարդ Շարմազանով

Գլխավոր դատախազության հարգելի գործընկերների մեկնաբանությունը համոզիչ չէր, եթե չասեմ՝ հակառակը: Այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու բողոքարկման վերաբերյալ իր հնչեցրած մեղադրանքներին ՀՀ գլխավոր դատախազության տված գնահատականին։

«Ծանոթացա գլխավոր դատախազության ծավալուն մեկնաբանությանն ու պարզաբանմանը։ Կներեք, բայց գլխավոր դատախազության հարգելի գործընկերների մեկնաբանությունը համոզիչ չէր, եթե չասեմ՝ հակառակը»,- ասաց Շարմազանովը:

Գլխավոր դատախազությունն ընտրովի արդարադատության վերաբերյալ Էդուարդ Շարմազանովի գնահատականն անհիմն ու անտեղի է անվանել: Շարմազանովի կարծիքով՝ եթե ինչ-որ բան այս պատմության մեջ անտեղի էր, ապա դա նախ եւ առաջ գլխավոր դատախազության ոչ համոզիչ այս պարզաբանումն էր։

«Իմ համոզմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամները մասնակցել են ահաբեկչական գործողության՝ ընդդեմ ՊՊԾ գնդի եւ ՀՀ-ի, որի հետեւանքով սպանվել են ոստիկանության սպա եւ ենթասպաներ։ Իմ համոզմունքն այն է, որ անկախ երկրում իշխանության փոփոխությունից ուժային կառույցների անդամները ու ղեկավարները նախ եւ առաջ պետք է ունենան հստակ եւ ուղիղ պետական մոտեցում, թե չէ «Хочеш жить – умей вертеться» մոտեցումով պետություն չենք կարող կառուցել»,-հավելեց ԱԺ փոխնախագահը։

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով