ՔՊ-ում թեժ պաշտոնակռիվ է սկսվել. Նիկոլ Փաշինյանը կոպիտ հակադարձել է

Իշխանական կուլիսներում լուրջ պաշտոնակռիվ է սկսվել: Իշխանափոխությունից հետո հեղափոխականները իրենց՝ ոտքով քայլելու եւ ճանապարհներ փակել-բացելու վարձն են ուզում: ՀԺ-ն տեղեկացավ, որ քայլարշավին եւ մյուս ակցիաներին մասնակցած, բայց անպաշտոն մնացածները տարբեր կերպ մեսիջներ են ուղղել վարչապետին՝ գործազրուկ լինելու հանգամանքի մասին տեղեկացնելու համար:

Ոմանք, օրինակ, ակտիվ են եղել ֆեյսբուքում եւ հաճախակի գրառումներ են կատարել, որ գործազրուկ են, օդով սնվել չի լինի, մի մասն էլ «մարդ է մեջ գցել»՝ լուրը Նիկոլ Փաշինյանին հասցնելու համար: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովում անդրադարձել է պաշտոնի ակնկալիք ունեցողներին եւ հայտարարել. «Եթե գործի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի»:

Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՔՊԿ վարչության անդամ Լենա Նազարյանը:

«Կուսակցության անդամների ժողով է եղել եւ այո, այդպիսի հայտարարություն եղել է՝ հետ քայլելու հետ կապված: Խոսքը վերաբերվել է այն անձանց, ովքեր քայլելու համար ակնկալում են որոշակի «վարձատրություն»՝ իրենց ջանքերի համար: Այստեղ մենք չենք կարող այդ տրամադրությամբ գործել, որովհետեւ պետություն կառավարելը ընկերների համար լավություն անել չէ: Մարդիկ պետք է կարող լինեն այդ բեռը ստանձնելու: Վարչապետի ասածն այն է եղել, որ պետք է ինքնակրթվել եւ նոր վերցնել պատասխանատվություն:

Բնական է, որ մարդիկ աշխատանքի կարիք ունեն, բայց այդ աշխատանքը՝ հատկապես ղեկավար պաշտոններում, չպետք է բաշխվի այն տրամաբանությամբ, թե մարդը քանի կիլոմետր է քայլել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Նազարյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Loading...