Քանի որ մեր երկրում ֆինանսական ճգնաժամ է, երգերս սկսել եմ գրել ես. Արմո «Ժողովուրդ» - Bavnews.am

Քանի որ մեր երկրում ֆինանսական ճգնաժամ է, երգերս սկսել եմ գրել ես. Արմո «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գործունեությունը պասիվացնելու, շոուբիզնեսյան քաոսի եւ դրա խրախուսողների մասին զրուցել է երգիչ Արմոյի հետ։

-Արմո՛, ի՞նչ անակնկալներ եք պատրաստում երկրպագուների համար։ Նոր մտահղացումներ կա՞ն։

-Քանի որ մեր երկրում ֆինանսական ճգնաժամ է, երգերս սկսել եմ գրել ես, արդեն չորս տարի է՝ այդպես է։ Սա ասում եմ կես կատակ-կես լուրջ։ Կան երգեր, որոնց վրա սկսել ենք աշխատել մի քանի օր առաջվանից։ Ի դեպ, ասեմ, որ դուետի միտք եւս ունեմ, բայց փակագծերը դեռ չեմ բացի։

-Վերջին շրջանում կենդանի համերգներով հանդես չեք գալիս, ինչո՞ւ։

-Արդեն միայն կոորպորատիվների ժամանակ եմ երգում, նաեւ համերգների, եթե, իհարկե, լինում են։ Բայց ես կասեի՝ ոչ թե համերգներ չկան, այլ համերգ գնացողներ։

-Բայց շատ արտիստներ համերգներ են կազմակերպում Մարզահամերգային համալիրում, կարողանում են լցնել դահլիճները։

-Դե լավ է։ Բայց մի բան ասեմ՝ մենահամերգներից զատ նախկինում գոյություն ունեին հավաքական համերգներ, հիմա՝ ոչ։ Եթե գործարարներն իմանային, որ դրանք կարող են շահույթ ապահովել, անպայման կզբաղվեին այդ համերգների կազմակերպմամբ։ Բայց մարդիկ գիտեն, որ տոմս առնողներ չեն լինի։

-Նկատի ունեք՝ մարդկանց սոցիալական վիճակն այնքան է վատացել, որ նույնիսկ տոմս գնելու հնարավորություն չունե՞ն։

-Այո՛, մարդիկ չեն կարող, օրինակ, 5000 դրամ տալ ու գնալ համերգի, իսկ եթե պետք է, օրինակ, ընտանիքով գնան, 15.000-20.000 դրամ ինչպե՞ս վճարեն, դա ոմանց աշխատավարձի կեսն է կազմում։ -Արմո՛, իսկ արտերկրից համերգների հրավերներ ունե՞ք։ -Ունեմ, բայց մերժել եմ, քանի որ ինքս ինձ արձակուրդ եմ տվել երկու տարով։ Ուզում եմ տեսնել՝ ով ինչ է երգում, որ հասկանամ՝ ես ինչ եմ երգում։ Ինձ հետաքրքիր է՝ ինչ է կատարվում, առհասարակ, երգարվեստում։ Մտածում եմ՝ խառն է ընդհանուր վիճակը։ Եթե պետք է երգեմ մի բան, որ երգում են տասնյակ հոգիներ, չեմ ուզում երգել։ Վերջին շրջանում չես տարբերում՝ ով ինչ է երգում։ Այնպիսի տպավորություն է, որ մի հոգի է երգողը, բայց տարբեր մարդկանց դեմքով։

-Այսօր շոու-բիզնեսում պիկային հաջողությունը երգչի համար ո՞րն է համարվում։

-Մարզահամերգային համալիրը լցնելը։

-Շատերն ասում են՝ «Եվրատեսիլ» գնալն է արտիստի համար պիկային։

-Բայց «Եվրատեսիլ» ո՞նց կարելի է գնալ։ «Եվրատեսիլ» չեն գնում, «Եվրատեսիլ» տանում են։ Այն մարդը, որը ուզում է մասնակցել միջազգային այդ մրցույթին, տանջվում, երգ է պատրաստում, բայց չի գնում, որովհետեւ արդեն երկու տարի առաջ որոշված է լինում, թե ով պետք է գնա մրցույթին։

-Ձեր ոլորտում ամենաշատը ի՞նչն է Ձեզ մտահոգում։

-Սիրո բացակայությունը։ Ամեն բանի հիմքը սերն է։ Ցանկացած բանի մեջ եթե սեր չկա, դա ոչինչ է, անիմաստ բան։

-Բայց հիմա շատերն անորակ երաժշտություն են մատուցում եւ ասում են, որ սիրով են անում դա։

-Դե, եթե տվյալ մարդու կարողություններն այդքան են, նրանից ի՞նչ պահանջենք. այդ մարդու ճաշակն էլ դա է։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում