Տրյուդոն ներողություն է խնդրել ֆաշիստների հետապնդումներից փախչող հրեաներին տեղափոխող նավը չընդունելու համար (տեսանյութ)

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ժողովրդի անունից պաշտոնապես ներողություն է խնդրել 1939թ. նացիստական Գերմանիայից եկած ու ֆաշիստների հետապնդումներից փախչող ավելի քան 900 հրեա տեղափոխող նավը չընդունելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը MS St. Louis նավի մասին է, որում եղել է 907 գերմանաբնակ հրեա: Հայտնի է, որ Կանադայից մերժում ստանալուց հետո նավն ուղևորվել է Կուբա ու ԱՄՆ, սակայն այդ երկրները ևս հրաժարվել են ընդունել փախստականներին: Ի վերջո, հուսահատ հրեաները ստիպված են եղել Եվրոպա վերադառնալ, ինչի հետևանքով նրանցից ավելի քան 250-ը Հոլոքոստի զոհ է դարձել:

Այժմ Կանադայի վարչապետը պաշտոնապես ներողություն է խնդրել այդ մերժման համար:

«Հիտլերը հետևում էր՝ ինչպես ենք մենք հրաժարվում այցագիր տրամադրել այդ մարդկանց, անտեսում նրանց նամակ-խնդրանքներն ու արգելում նրանց մուտքը: Կասկած չկա, որ մեր այդ լռությունը թույլ տվեց նացիստներին «վերջնական լուծում» տալ հրեական հարցին: Մենք թույլ տվեցինք, որ մեր համայնքներում հաստատվի հակասեմականությունն ու դառնա մեր պաշտոնական քաղաքական գիծը»,-խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Տրյուդոն՝ ընդգծելով, որ փախստականների նկատմամբ դրսևորած նման ատելությունն ու անտարբերությունն իրենց ստիպում է կիսել այդ զոհերի համար պատասխանատվությունը:

Աղբյուրը հավելում է, որ նախքան այս ելույթը Կանադայի վարչապետը հանդիպել է նավի ուղևորուհիներից մեկին՝ Անա Մարիա Գորդոնին, որի հետ քննարկել է Կանադայում հակասեմականության դեմ պայքարի միջոցները: Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի իրականացրած Հոլոքոստի հետևանքով զոհվել են միլիոնավոր հրեաներ:

Loading...