Վարչապետի հրաժարականից հետո իրենք կարող են էդ ամեն ինչը չեղյալ համարել. Աշոտ Աղաբաբյան

-Պարո՛ն Աղաբաբյան, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս ներքաղաքական իրավիճակը:

-Հեղափոխությունը տեղի ունեցավ, բայց դեռ կա ներքաղաքական կրիզիս: Այն մարդիկ, ովքեր որ այսպես հրաժարվում են հին ռեժիմից եւ ուզում են միանալ հեղափոխությանը, դա պիտի արձանագրեն փաստերով: Այսինքն` եթե որեւէ քաղաքական ուժ ստորագրում է ինչ-որ փաստաթուղթ, որով հաստատում է, թե ինքը համաձայն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այս տարվա դեկտեմբերին, դա դեռ չի նշանակում, որ լիարժեք հարցը լուծվեց: Հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման բան է արել: Նշանակում է` այդ կուսակցության անդամները պետք է հրաժարական տան: Փաստաթուղթը միայն այդպես կարող է վավերացվել: Ի վերջո, այս հարցը կապված է երկրի եւ պետության հետ, սա ինչ-որ սովորական անձնական հարց չէ: Հրաժարական տալով իրոք ցույց կտան, որ համաձայն են:

-Այնուամենայնիվ, հուշագրում նշված է, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի: Սա չի՞ կարող վստահության հիմք լինել: -Ամեն ինչի նպատակը նոր ընտրությունների իրականացումն է: Ուրեմն` վարչապետը թող մնա վարչապետի պաշտոնում, իսկ իրենք թող հրաժարական տան: Եթե մի քաղաքական ուժ ուզում է լինել այսօրվա գործընթացների կողքին, ապա այդ ուժի պատգամավորների պատգամավոր մնալը ո՞ւմ է պետք: Լինում է չէ՞, որ այդ հուշագրերը, պայմանագրերը չեղյալ են համարվում: -Այսինքն` դուք նման ռիսկեր եք տեսնո՞ւմ:

-Այո, իհարկե տեսնում եմ: Վարչապետի հրաժարականից հետո իրենք կարող են էդ ամեն ինչը չեղյալ համարել: Եթե դուք պաշտպանում եք վարչապետի դիրքորոշումը, ուրեմն հրաժարական տվեք, որպեսզի իրոք համոզված լինենք, որ այդ հուշագիրը նշանակություն ունի եւ կայուն փաստաթուղթ է: ՀՀԿ-ում էլ կան տղաներ, որոնք հաստատում են, որ հեղափոխության կողքին են: Ուրեմն նրանք էլ պետք է ցած դնեն իրենց մանդատները: Սա պետության խնդիր է, ոչ թե ինչ-որ մասնավոր բան:

-Ըստ Ձեզ` ինչը՞ ստիպեց ԲՀԿ-ին ստորագրել այդ հուշագիրը:

– Ամեն մեկն էլ իրավունք ունի խելքի գալու: Եթե իրենք իրոք խելքի են եկել, թող ցած դնեն մանդատները: Թե չէ հիմա որ ասենք` ժողովրդի ճնշման տակ են նման բան արել կամ իրավիճակն է ստիպել, է վաղն էլ կասեն` իրավիճակը ստիպեց, մենք էլ չեղյալ համարեցինք: -Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հայտարարություն ստորագրեցին, որ կողմ են Փաշինյանի դիրքորոշմանը:

-Միայն խոսելով չի: Դե հիմա թող ժողովրդին ապացուցեն, որ ժողովրդի իրական զավակներն են: Միայն այդ հայտարարությունը ստորագրելով` ամենեւին հավատ չեն ներշնչում: Եթե ես նրանց փոխարեն լինեի, միանշանակ այդպես կանեի:

-ՀՀԿ-ական պատգամավորների` Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը կողմ լինելը Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի կողմից որակվեցին իբրեւ ճնշման տակ իրականացվող քայլ: Ի՞նչ եք կարծում, ինչ-որ ճնշումներ եղե՞լ են: -Նորից եմ ասում, եթե պիտի ճնշման տակ նման բան անեն, վաղն էլ հակառակը կանեն: Եթե այդ մարդիկ հրաժարական տան, ժողովուրդը դա անպայման կգնահատի: Մի քանի օր առաջ տեղի ունեցածը ապացուցեց, որ հեշտությամբ կարող են մյուս ճամբար անցնել:

-Ձեր կարծիքով` խորհրդարանում ներկայացված ուժերը մտավախություն ունե՞ն, որ չեն հայտնվի նոր ձեւավորվող խորհրդարանում:

-Չգիտեմ: Կամ էլ ի՞նչ է եղել որ: Ես, օրինակ, ահագին ժամանակ է, ինչ պատգամավոր չեմ: Բայց ի՞նչն է պակասել: Պատի՞վս: Իհարկե ոչ: Ուղղակի սերնդափոխություն է, ուզում եմ նոր սերնդին տեսնել խորհրդարանում: Ես բացի իմ պատվից կորցնելու բան չունեմ: Եթե իրենց համար իրենց պատիվը ավելի թանկ է, քան ունեցվածքը, հրաժարական թող տան, անցնեն ժողովրդի կողմը: Կոչ եմ անում բոլորին. մի՛ մնացեք հակահեղափոխական, դարձե՛ք հեղափոխականներ:

-Դուք շատ մտերիմ եք եղել Աժ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի հետ: Ինչպես հայտնի է, վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ կարծիք ունեք այս գործի հետ կապված: Ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ձեր ընկերոջը:

-Մենք հին ընկերներ ենք: Որ իր դեմ այդպիսի գործով մեղադրանք կա, ինձ համար զարմանալի է: Ես իրոք տեղյակ չեմ եղել: Զարմանալի է, որ ինքը ընտանիքի լավ հայր է, ժողովրդի լավ որդի է, ու նման բան է տեղի ունեցել: Ես էլի չեմ հրաժարվում, որ ինքը իմ ընկերն է, բայց ես իր գործունեությունից տեղյակ չեմ եղել: Ահագին ժամանակ է` չենք շփվում: Իրեն միշտ դրական կողմից եմ տեսել` նույնիսկ իմանալով իր ու նախագահների մտերմության մասին: Դա մեզ երբեք չի խանգարել: Իր գործունեությամբ չեմ էլ հետաքրքրվել: Անընդհատ ասում են` դե իրար հետ կերել-խմել են: Հա, չեմ ժխտում: Ուտող-խմող մարդը բարի, բոլորին հասնող մարդ ա: Ինքն էլ բոլորին հասել է: Եթե անկեղծ ասեմ, չեմ էլ ուզում հավատալ սրան: Թե փաստեր կան, դա ուրիշ բան, բայց ես այդ փաստերի մասին էլ ոչինչ չգիտեմ: Եթե վաղը իրեն հայտնաբերեն, դատեն, որտեղ ուզում է լինի, ես իրեն մինչեւ վերջ օգտակար եմ լինելու:

Աղբյուր՝ armlur.am

Loading...