ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. մեծ թվով պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ

Ինչպես գրում է shamshyan.com-ը. այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջված ավտոմեքենայում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ, որից 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս պահին բոլորը գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Վթարի պատճառը եղել է գյուղամիջյան ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունները, և վարորդը, խույս տալով նախրից, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և այն կողաշրջվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 4 վիրավորների տեղափոխում են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներից 7-ը գտնվում են ծանր, իսկ մնացածը՝ ծանր կայուն վիճակում։

Նյութի աղբյուրը` shamshyan.com

 

Մեկնաբանել
Loading...