Պետք չէ սպասել հունիսի 1-ին, որ երեխայիդ որեւէ վայր տանես. Լայանա

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Լայանայի հետ եւ տեղեկացել, թե ինչպես են պատրաստվում օրը նշել դստեր՝ 3-ամյա Էլինայի հետ: Պարզվում է՝ երգչուհին փորձել է տոնական տրամադրություն ստեղծել վերջին մի քանի օրը: «Մի քանի օր առաջ մենք գնացինք կենդանաբանական այգի, հետո մեկ այլ օր տրամադրեցինք մանկական ժամանցի կենտրոն գնալուն, այնուհետեւ գնացինք Լիլի Էլբակյանի «Սառցե սիրտը» ներկայացմանը, մի ուրիշ օր էլ գեղեցիկ զգեստներ գնեցինք Էլինայի համար, որպեսզի այսօր հագնի: Տոնական տրամադրությունը արդեն մի քանի օր է, ինչ մեր տանը կա: Կարծում եմ՝ Էլինան դեռ շատ փոքր է, որպեսզի այսօր նրան շատ ծանրաբեռնենք:

Այնպես որ, այսօր նա առավոտյան գնաց իր սիրելի մանկապարտեզ, որտեղ հրաշալի միջոցառում էր կազմակերպված, ստացավ իր նվերներն ու եկավ տուն: Գուցե ուշ երեկոյան, որեւէ համերգ գնանք, դեռ չգիտեմ, բայց խոստովանում եմ, որ ինքս չեմ սիրում, երբ մեծ աժիոտաժի մեջ ենք հայտնվում»,- նշեց Լայանան: Երգչուհին ընդգծեց՝ պետք չէ սպասել հունիսի 1-ին, երեխայի օրը պետք է տոն դարձնել յուրաքանչյուր օր: «Ծնողները պետք է շատ ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին ողջ տարվա ընթացքում: Ես չեմ ընդունում, երբ միայն տոնական օրերին են երեխաները ուշադրության կենտրոնում հայտնվում: Պետք չէ սպասել հունիսի 1-ին, որ երեխայիդ որեւէ վայր տանես: Մեր տանը ամեն օր էլ հունիսի 1 է, մենք յուրաքանչյուր ազատ ժամանակ հատկացնում ենք մեր աղջկան, հաճախ ժամանցի կենտրոններ գնում, եւ փորձում ենք այնպես անել, որ նա միշտ ժպտա»,- նկատեց նա:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանել
Loading...