Չպետք է խաբվենք Ռոբերտ Քոչարյանի PR-ին. Միքայել Պողոսյան

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճի մասին զրուցել է դերասան, երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ: Նա տեսակետ է հայտնել, որ չնայած Քոչարյանի քաղաքական թիմը փորձում է համապատասխան քարոզչություն անել, բոլորն էլ գիտեն, թե Մարտի 1-ի դեպքերը ինչպես եւ ինչու են տեղի ունեցել: Դերասանի խոսքով` մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն չի կարելի ամբողջ մեղքը բարդել մեկ անձի վրա:

-Պարո՛ն Պողոսյան, Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունից ի՞նչ տպավորություն ունեք:

-Մի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարեւոր բան ասաց. այն ամենը, ինչ արվում է, մարդուն երջանկացնելու համար է արվում: Իսկ որպեսզի դա իրականանա, հարկավոր է, որ մարդ զերծ լինի անարդարությունից, այն ծայրահեղ միջոցներից, որոնք կարող են կիրառել իշխանությունները ժողովրդի գլխին: Այն, ինչ կատարվեց Մարտի 1-ին, բոլորիս պարտությունն էր, որովհետեւ ժողովուրդը չկարողացավ դիմադրել, իսկ տիրող ուժերն անարդար կերպով ճնշում գործադրեցին: Մարտի 1-ի բացահայտումը կարեւոր է ամեն հայի արժանապատվության վերականգնման համար: Քաղաքացին պետք է գիտակցի, որ վերջիվերջո արդարություն է հաստատվում:

-Այսօր Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նույնիսկ նշվում է, թե նրան հալածում են:

-Գիտե՞ք ինչ, քանի որ Քոչարյանը շատ մեծ ցանց, հնարավորություններ ունի, կարողանում է այդպիսի քարոզչություն, փիար անել: Դա շատ բնական է: Բայց մենք չպետք է խաբվենք այդ փիարին: Գիտակից մարդիկ, որոնք զբաղված են այս գործի բացահայտմամբ, լուրջ հիմքեր ունեն մեղադրանք առաջադրելու համար, եւ ոչ մի փիար արդեն չի կարող փրկել: Ամեն դեպքում, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը, մեղքը չպետք է գցել մեկ մարդու վրա: -Որքանո՞վ եք անհրաժեշտ համարում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս Մարտի 1-ի գործով հարցաքննվի:

-Ոչ միայն այդ գործով (ծիծաղում է): Մենք նոր ենք գիտակցում, թե ինչ վիճակում ենք եղել, ինչ օրի են հասցրել մեր Հայաստանը: Մենք ապրել ենք ծայրահեղ վիճակում, անդունդի եզրին:

-Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում, որ, օրինակ, կոռուպցիայի այն ծավալները, որոնք ի հայտ են գալիս, իր համար եւս անսպասելի են եւ զարհուրելի:

-Նա շատ լավ գիտեր դա, տարիներ շարունակ գոռում, գոչում էր այդ մասին, ուղղակի գալիս է մի պահ, երբ մարդ, որքան էլ գիտակցում է իրականությունը, միեւնույն է, դժվարությամբ է հաշտվում դրա հետ: Ես շատ լավ հասկանում եմ նրա հոգեվիճակը:

-Մի փոքր էլ մշակույթի ոլորտից խոսենք: Ինչպիսի՞ն են սպասելիքները եւ ինչպիսի՞ն են տպավորությունները:

-Ժամանակ է հարկավոր, որպեսզի առաջընթաց գրանցենք: Այդ ճանապարհին կարող են լինել ե՛ւ վրիպումներ, ե՛ւ բացթողումներ: Հարկավոր է հավատալ եւ սպասել: Հիմա մշակույթի ոլորտում խառնաշփոթ է տիրում, հենց կինոյի ասպարեզում այդ լճացած վիճակն է: Կիսատ թողած նախագծերը բազմազան են, չգիտենք էլ` դրանց վերջն ինչ է լինելու, ֆինանսավորում լինելու է, թե ոչ: Բայց չենք նվնվում, հասկանում ենք, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք: Մշակույթի նախարարն ու իր թիմը պետք է գիտակցեն, որ իրենց ամենակարեւոր ֆունկցիան ստեղծագործող անհատի կողքին կանգնելն է, որ նա անհույս, միայնակ, չմնա, որ ստիպված չլինի ճակատը պնդացնելով հարց լուծել, չի կարող լինել կինո առանց պետական աջակցության: Սա է գլխավորը: Հուսով եմ` նրանք կգիտակցեն այս ամենը, եւ դրական տեղաշարժեր կլինեն:

Աղբյուր՝ armlur.am

Loading...