«Ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու ասֆալտին պառկեցնելուց, դա օրինական գործընթաց է»․ Վալերի Օսիպյան - Bavnews.am

«Ոստիկանությունը հաճույք չի ստանում որևէ քաղաքացու ասֆալտին պառկեցնելուց, դա օրինական գործընթաց է»․ Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես է ոստիկանությունն իրականացնում վարչապետի հանձնարարականը։ ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն ուշացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ցանկացած հանձնարարական կատարվում է անմիջապես, սահմանված ժամկետում և զեկուցվում վարչապետին»,- ասաց նա։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 11-ին Դավթաշենում հրավիրված նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ-ին և ոստիկանությանը տրված հանձնարարականին։ Վարչապետը հրահանգել էր «ռեյդ անել, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել» և 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։

Օսիպյանը վստահեցրեց, որ երկու ժամվա ընթացքում վարչապետին զեկուցվել է, բայց թե ինչ, հրապարակման ենթակա չէ։ Ինչ վերաբերում է օլիգարխների թիկնապահների զինաթափման գործողություններին, Օսիպյանը նշեց, որ դա մշտական գործընթաց է։

«Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ քաղաքացու ասֆալտին պառկեցնելուց կամ պատին ու մեքենային դեմ տալուց, քաղաքացուն ստուգելուց, այլ դա օրինական գործընթաց է` պայմանավորված նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր։

Մենք ունենք տեղեկություն, որ իրենք զենք ունեն, իսկ զինված քաղաքացին համարվում է վտանգ ոստիկանի համար։ Այդ տեղեկությունը մենք ստուգում ենք, երբ տեսնում ենք, որ զենքն օրինական է, փոխանցում ենք փորձաքրեագիտական բաժնին` ճշտելու դրա առնչությունը որևէ հանցագործության»,- ասաց նա։

Ոստիկանապետը նաև հայտնեց, որ օլիգարխների ու նրանց թիկնազորի մասին բողոքներ ոստիկանությունը ստանում է նաև քաղաքացիներից այն մասին, որ նրանք խանգարում են երթևեկությանը։ «Մենք երբևիցե որևէ խնդիր չենք առաջացրել դիմացից երթևեկող ավտոմեքենայի համար` անկախ դրա մեջ գնվող անձի կարգավիճակից, նրա օլիգարխ լինելուց։ Ամբողջ խնդիրը հետևից երթևեկող` ուղեկցող մեքենայի մեջ է։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ երկրորդ մեքենայում սովորաբար լինում են թիկնապահներ, թիկնազորեր, որոնք կարող են զինված լինել»,- ասաց նա։

Ոստիկանապետը վստահեցրեց, որ այդ գործողությունները ոստիկանությունն իրականացնում է ոչ միայն վարչապետի հանձնարարականից հետո, այլև դրանից առաջ։ Իսկ թե այդ ընթացքում քանի օլիգարխի ավտոշարասյուն է վնասազերծվել և որքան զենք-զինամթերք է առգրավվել, Օսիպյանը չպատասխանեց` հորդորելով այդ հարցերն ուղղել ոստիկանության լրատվական ծառայությանը։

Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութերին, Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը որևէ տեսանյութ չի նկարահանել, չի տարածել, դրանք նկարահանել են անցորդներն ու հրապարակել համացանցում։

Անդրադառնալով օլիգարխների մոտ գաղտնալսման սարքերի հնարավոր առկայության մասին հայտարարություններին` Ոստիկանության պետը չասաց վերջին օրերին կատարված հատուկ գործողությունների արդյունքում նման սարքեր հայտնաբերվել են, թե ոչ, բայց հիշեցրեց, որ հարուցված է քրեական գործ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Աղբյուր՝ armeniasputnik.am