«Ոստիկաններին սպանելու ցանկություն չի եղել, ճիշտ կլինի, եթե քաղբանտարկյալներն ու «Սասնա ծռերը» ազատ արձակվեն»․Արմեն Մարտիրոսյան

«Ոստիկաններին սպանելու ցանկություն չի եղել, ճիշտ կլինի, եթե քաղբանտարկյալներն ու «Սասնա ծռերը» ազատ արձակվեն»․Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաները չպետք է դիտարկել վարչապետ Փաշինյանի դեմ ուղղված քայլ։ Նրա խոսքով՝ երկրում կան քաղբանտարկյալներ, որոնց պետք է ազատ արձակել:

 «Այն անձինք, ում գործով քննությունը դեռ գնում է, վարչապետը կարող է գրությամբ դիմել դատախազին, որպեսզի իրավիճակի փոփոխությունից ելնելով՝ նրանց կալանքից ազատեն։ Որևէ մեկը չի կարող ասել, որ սա նոր իշխանության դեմ արված քայլ է. դա դատական համակարգի դեմ արված քայլ է, որևէ մեկը չի գնում նախագահականի դիմաց ու Նիկոլ Փաշինյանից պահանջում»․ասաց Մարտիրոսյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Համաշխարհային պրակտիկայում, որպես օրենք, նոր իշխանության առաջին քայլերից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Կոնկրետ «Սասնա ծռերի» պարագան ապստամբական քայլ էր, մենք ոչ լեգիտիմ իշխանություն ենք ունեցել»։

Նրա դիտարկմամբ՝ «Սասնա ծռերին» ևս պետք է ազատ արձակել. «Կամ այլ թեթև միջոց կիրառվի իրենց նկատմամբ, և այդ գործի քննությունն ընթանա, օրինակ, նրանց տնային կալանքի պայմաններում»։

Մեր դիտարկմանը՝ արդյոք դա արդարացի կլինի՞ զոհվածների հարազատների առջև, Մարտիրոսյանը պատասխանեց. «Դուք բերում եք անհատական դաշտ, այդ դեպքում պետք է ասենք՝ իրենք արդյոք ցանկություն ունեցե՞լ են սպանելու, թե՞ ոչ։ Ակնհայտ է, որ նման ցանկություն չի եղել, այլապես զոհերի քանակը մեծ կլիներ։ Ճիշտ չէ անհատական մակարդակ մտցնելը, հատկապես գնդապետ Վանոյանի պարագայում՝ եթե չեմ սխալվում, առաջինը ոստիկանն է կրակել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

նյութի աղբյուր՝ 1in.am