Շիրվանզադեի «Քաոս»-ը կներկայացվի հեռուստաֆիլմով՝ Խորեն Լևոնյանի, Սոս Ջանիբեկյանի, Մկրտիչ Արզումանյանի և այլոց մասնակցությամբ (Լուսանկարներ)

Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը կներկայացվի հեռուստաֆիլմի ձևով. Առաջին ալիքի եթերում ցուցադրվելիք 16 մասանի հեռուստաֆիլմում կներկայանան՝ Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շաքե Թուխմանյանը, Ստեփան Ղամբարյանը, Աննա Եգոյանը և այլք:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանը Tert.am Life-ին լուսանկարներ է տրամադրել նկարահանման հրապարակից և մանրամասներ ներկայացրել նոր աշխատանքից:

Հեռուստաֆիլմի սցենարի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, պորդյուսերները՝ Արման Միտոյանն ու Սերժ Նալբանդյանը: Ռեժիսորը նշեց, որ «Քաոս» աշխատանքային վերնագրով հեռուստաֆիլմում ի տարբերություն համանուն վեպի, 19-րդ դարի Բաքուն փոխարինվել է 21-րդ դարի Երևանով, իսկ իրադարձություններն ու հերոսները չեն փոխվել:

«Ֆիլմը նկարահանված է «Քաոս»-ի մոտիվներով, պարզապես հարմարեցված մեր ժամանակներին և դրանով պայմանավորված՝ առկա են որոշակի փոփոխություններ: Հիմնականում փորձ է արված պահպանել գրական մասը: Քանի որ 16 մասից է բաղկացած, լրացուցիչ, երկարացնող սյուժե ներառված չի լինելու: Այն դասական ստեղծագործություն է ու այնպիսի թեմաներ է արծարծված, որոնք միշտ էլ հետաքրքիր են՝ մարդկային շփումենր, հարաբերություններ, փողի պաճառով մարդկանց ներաշխարհի, բնավորության փոփոխություններ: Ընտանեկան դրաման, քաոսը լրիվ պահպանված է հեռուստաֆիլմում»,-ասաց Հայկը:

Ռեժիսորի խոսքով, դերասանական կազմի ընտրության համար բավականին երկար ժամանակ է պահանջվել: Մարկոս աղա Ալիմյանի կերպարում հանդես է գալիս Ռաֆայել Քոթանջյանը, նրա որդիներից՝ Միքայելին մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը, իսկ մյուսի՝ Սմբատի դերում ներկայանում է Մկրտիչ Արզումանյանը:

Վերջինիս հեռուստադիտողն առաջին անգամ կտեսնի դրամատիկ դերով, ինչը ռեժիսորի դիտարկմամբ, հաճելի բացահայտում կլինի:

«Իմ կարծիքով Մկոյի մոտ շատ լավ է ստացվում այդ դերը: Առաջին նախագիծը չէ, որ աշխատում եմ նրա հետ ու միշտ իր մեջ տեսել եմ այդ պոտենցիալը: Նա շատ բազմաժանր դերասան է, պարզապես ստացվել է այնպես, որ միշտ կոմեդիայի ժանրում է ներկայացել: Ֆիլմում ներգրավված են նաև համամացանցում իր ասմունքով հայտնի ռուսաստանաբնակ Աննա Եգոյանը, որը մարմնավորում է Շուշանիկին, Շողեր Գրիգորյանը, որին նույնպես Մոկսվայից ենք հրավիրել: Վերջինս էլ մարմնավորում է Ալիմյանի դստերը՝ Մարթային, իսկ նրա ամուսնու՝ Իսահակի դերում հանդես է գալիս Խորեն Լևոնյանը:  Ընդհանուր առմամբ, դերասանների ընտրությունը երկար տևեց, քանի որ փորձում էինք պինդ, ուժեղ դերասանական խումբ հավաքել»,-ասաց նա:

Հայկը նկատեց՝ որպես ռեժիսոր դասական գործի հիմքով սցենարի պարագայում աշխատանքն էականորեն հեշտ է. «Քանի որ հիմքը գրական գործ է ու արդեն տարիների ընթացքում ստացված, ընդունված, դա շատ «հեշտացնում է», որպեսզի կերպարներին հասկանաս: Այս պարագայում, հիմքը ինձ համար որպես ռեժիսոր, և նաև դերասանների համար  շատ ամուր է դառնում»,-եզրափակեց նա:

Ֆոտոշարքը կարող եք դիտել սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել
Loading...