Շատ հուզիչ էր, երբ հայրս բեմ բարձրացավ, և բոլորը ոտքի կանգնեցին. Հայկ Պետրոսյան

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանին վերջին շրջանում հանդիսատեսն առավելապես տեսնում է stand up ներկայացումներով, օրերս էլ նա Շառլ Ազնավուրին նվիրված՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն էր:

Հայկը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու օր կայացած տվյալ համերգային ծրագրերի ընթացքում կատարում էր Ազնավուրի երգերը եւ վարում երեկոները: Հայկ Պետրոսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես վերջին շրջանում ամբողջապես զբաղված է ներկայացումներով, ինչպես նաեւ Ազնավուրին նվիրված համերգներով, ինչը բավականաչափ մեծ աշխատանք է պահանջում:

Միաժամանակ, երգիչը նշեց, որ շուտով ձայնագրելու է իր անհատական երգերը: Ինչ վերաբերում է ներկայիս գործունեությանը, ապա, նրա խոսքով, Ազնավուրին նվիրված համերգային ծրագիրն իսկապես շատ պատասխանատու էր, առավելապես հիմա, սակայն իր համար ամենահուզիչ հատվածներից մեկն իր հոր՝ Վարդան Պետրոսյանի վերադարձն էր երեւանյան բեմ:

«Այդ պահին երկակի զգացողություններ ունեի, քանի որ շատ ուրախ էի նաեւ որպես հանդիսատես, որ Վարդան Պետրոսյանը վերադարձել է բեմ: Շատ հուզիչ էր, երբ հայրս բեմ բարձրացավ, եւ բոլորը ոտքի կանգնեցին: Ի դեպ, համերգներից հետո հայրս էլ իր գոհունակությունը հայտնեց՝ ասաց, որ մեծ աշխատանք ենք կատարել: Ի դեպ, հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ ընկեր-երաժիշտներին, որոնց հետ 2016թ.-ից սկսեցինք Ազնավուրի երգերը ներկայացնել, ինչը հետագայում դարձավ մեծ նախագիծ:

Առաջինը հենց նրանց եմ շնորհակալություն հայտնում, որովհետեւ առանց նրանց պարզապես չէի կարող բարձրանալ բեմ եւ կատարել Ազնավուր: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ տարվա համերգի կայացման գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ հանձինս Էդուարդ Թոփչյանի եւ Ռուզաննա Սիրունյանի, արդեն Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին, եւ, իհարկե, այս տարվա աջակիցներին՝ երաժիշտներին, Մշակույթի նախարարությանը՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել այս մեծ նախագծի կայացման հարցում»,- պատմեց Հայկ Պետրոսյանը:

Հայկի խոսքով՝ ինքն ուրախ էր նաեւ, որ Վարդան Պետրոսյանի մուտքը հենց Ազնավուրով եղավ, բացի դրանից, ըստ երգչի՝ Վարդան Պետրոսյանը նաեւ թիկունք էր համերգին մասնակցող ավելի երիտասարդ երգիչ-երգչուհիների համար:

Առավել մանրամասն՝ Life.panorama.am

Loading...