Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին ու Դավիթ Տոնոյանին հորդորեց բանակից խուսափած երիտասարդների համար խնդիրներ չառաջացնել

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե օդանավակայանում ինչպիսի պայմաններ են ապահոված այն երիտասարդների համար, որոնք բանակից խուսափել են և գտնվում են արտերկրում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուղերձ էր հղել այդ երիտասարդներին վերադառնան և ծառայեն: Թե քանի մարդ է արձագանքել իր կոչին՝ կերևա զորակոչի օրերին, ասաց պարոն Փաշինյանը: Ոստիկանապետն ասաց, որ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարված, ուստի պետք է տեղում նրանց նկատմամբ որոշակի գործողություններ կատարեն:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց օդանավակայանում պատշաճ պայմաններ ապահովել, որպեսզի ծառայելու եկած երիտասարդների համար ավելորդ խնդիրներ չստեղծեն. «Մարդը եկավ, արձանագրվեց, որ հետախուզման մեջ է, ինքը պարտավորություն է ստորագրում, որ այսինչ ժամանակ կներկայանա»:

Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կկիրառվի պատիժը: Դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, վարչապետը հարցրեց. «Պարոն Տոնոյան, մարդիկ կան, որ այս ընթացքում բարձր մասնագիտական կրթություն են ստացել արտերկրում, այդպիսի մասնագետները կարո՞ղ են ներգրավվել ռազմարդյունաբերական ոլորտում»:

Ի պատասխան, Դավիթ Տոնոյանն ասաց՝ այո: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ կարող են հանգիստ վերադառնալ և այդ գիտելիքները կծառայեցվեն զինված ուժերի զարգացմանը:

Աղբյուր՝ aravot.am 

 

Մեկնաբանել
Loading...