«Մինչ այս պահը լռում էի, քանզի գիտակցում էի՝ որևէ անզգույշ հայտարարություն կարող էր վիժեցնել իմ ջանքերը»

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է.

«Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը կամ Հարգելի գործընկերներ, Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց եւ ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։

Ինչպես մեկ ամիս առաջ խոստացել էի, հիմա բացում եմ բանաձեւի վերաբերյալ փակագծերը։ Բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից` գորշ, սեւ, սպիտակ, թե կարմիր գոտում է գտնվում այդ մարդը:

Ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակեպումներ, այլ հակառակը` պարունակում է ձեւակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում եւ թերեւս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձեւին։ Ընդ որում, հենց երեկ հանձնաժողովի նիստում ներկայացվել էին փոփոխություններ, որոնք ուղղված էին բարենպաստ ձեւակերպումների վերացմանը կամ չեզոքացմանը: Ապարդյուն:

Ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անզոր հռետորաբանությանն էլ դահլիճում արժանի պատասխան տվեցին պատվիրակության ամդամները։ Թերեւս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար եւ բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։

ԵԽԽՎ-ում Հայաստանը ես ու գործընկերներս միշտ ներկայացրել ենք պետական եւ ազգային շահի գիտակցումով։ Մինչ այս պահը դժվարությամբ լռում էի, քանզի գիտակցում էի` այս թեմայով որեւէ անզգույշ հայտարարություն կամ շահարկում, ի պատասխան անգամ հանիրավի մեղադրանքի կամ հայտարարության, կարող էր վիժեցնել ամիսների ջանքերը եւ խթան դառնալ` հակահայկական հռետորաբանությունից անցում կատարել դեպի կոնկրետ գործողություններ, որոնք իրականում կարող էին արդյունք տալ։

Հ.Գ. Ի դեպ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի իմ մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա թվով յոթերորդ զեկույցն էր, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձեւակերպումները այլեւ ներառվեցին բարենպաստ ձեւակերպումներ: Տեղեկատվություն այդ մասին մանրամասն ներկայացրել եմ, լրացուցիչ հարցադրումներ լինելու դեպքում սիրով կտրամադրեմ դետալներ: Պատիվ ունեմ ծառայելու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ»: