Մենք կունենանք ոչ թե վարչապետ, այլ թագավոր, դիկտատոր և բռնակալ. Շարմազանով

Ես համաձայն չեմ Գեւորգ Կոստանյանի կարծիքին: Այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր սթափ դատող մարդ պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:

Նրա խոսքով՝ ինքը դեմ չէ արտահերթ ընտրություններին. «Հարցը ժամկետը չէ, այլ մեթոդը»: Նա նշեց, որ բազմիցս է ասել իշխանության տարանջատման սկզբունքը հարգելու, Սահմանադրությունը պաշտպանելու եւ երկխոսությունն ու այն պայմանավորվածություններն ապահովելու մասին, որոնց հիման վրա խորհրդարանը քվեարկեց Փաշինյանի օգտին: Մասնավորապես՝ խոսքը Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումների մասին է, այն ամենի, ինչի մասին խոսում էր Փաշինյանն ինքը: Եվ հենց Փաշինյանն էր դեռեւս մեկ ամիս առաջ ասում, որ ընտրությունները տեղի են ունենալու հաջորդ տարվա մայիս-հունիսին, հիշեցրեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է հարցին՝ ՀՀԿ-ն արդյոք թեկնածու կառաջադրի վարչապետի պաշտոնում Փաշինյանի հրաժարականի դեպքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, Շարմազանովը պատասխանեց, որ հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Փաշինյանի միջեւ հուշագիրը, հաշվի առնելով, որ ՀՀԿ խմբակցությունը արդեն խորհրդարանական մեծամասնություն չէ, նույնիսկ եթե ՀՀԿ-ն տեսականորեն թեկնածու առաջադրի, չունի անհրաժեշտ 53 ձայնը: «Թեկնածուի առաջադրումը չպետք է ինքնանպատակ լինի: Թեկնածու առաջադրում են, եթե կա ձայների անհրաժեշտ քանակություն: Մենք ունեինք 49 ձայն, արդեն 48»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո Փաշինյանն արհեստականորեն օրակարգ բերեց արտահերթ ընտրությունները դեկտեմբերին  անցկացնելու հարցը: «Դեռեւս մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին բանակցությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն հրաժարվեցին ստորագրել զիջումների փաստաթղթի տակ: Այդ ժամանակ այս ուժերը միակարծիք էին, որ հարցը ոչ թե ժամկետն է, այլ անհրաժեշտ գործողությունները, որոնց մասին խոսվել էր նախկինում: Դեռեւս 3 օր առաջ ԲՀԿ-ն սրան համաձայն էր, անգամ աջակցեց հայտնի օրինագծին, իսկ այօր նրա առաջնորդը հուշագիր է ստորագրել…»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովը նշեց, որ անկախ ՀՀԿ որոշումից, իր կարծիքը չի փոխի. «Ես չեմ կարող համաձայնվել, որ Սահմանադրությունը բռնաբարեն, խորհրդարանը չհարգեն եւ միջամտեն օրենսդիր իշխանության գործերին: Որոշ մարդիկ այսօր ասում են, որ Փաշինյանն ազնիվ է: Մի՞թե: Մի՞թե ազնիվ է մարդկանց խորհրդարան տանելը, գործընկերներին սպառնալը, առանց պատճառի ասֆալտին պառկեցնելը, դատական համակարգի վրա ճնշում գործադրելը: Եթե այս ամենով հանդերձ՝ իմ գործընկեր պատգամավորները կարծում են, որ դա ազնիվ է, ապա ազնվության մասին իմ եւ նրանց պատկերացումները չեն համընկնում»:

Նա կրկին նշեց, որ արդեն առնվազն երեք ամիս ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն չէ, եւ նրա համար անհասկանալի ու անընդունելի են «Փաշինյանի, նրա կողմնակիցների ու նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից մանիպուլյացիաները, սլաքը ՀՀԿ-ի կողմն ուղղելը, որ ամեն ինչում նրան մեղավոր դարձնի»: «Սա ի՞նչ կինո է: Ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ն: Ուզում ես հրաժարական տուր, ուզում ես՝ մի տուր: ՀՀԿ-ն անհրաժեշտ 53 ձայնը չունի»,- ասաց Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ում չի քննարկվել վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը: «Միակ բանը, որ քննարկել ենք, որ գործընթացը պետք է ընթանա Սահմանադրությանը համապատասխան, որ հարկավոր է ապահովել խորհրդարանաի անկախությունը եւ որ գործադիր իշխանությունը չպետք է միջամտի օրենսդիր իշխանության աշխատանքին:

Այս բոլոր երեք կետերը Փաշինյանը եւ նրա կառավարությունը խախտել են…Եվ եթե կան իրավաբան պատգամավորներ կամ ոչ իրավաբաններ, որոնք այլ կարծիք ունեն այս հարցով….Կյանքը շարունակվում է եւ սա կանցնի: Մենք ավելի ուժեղ քաղաքական գործիչներ ենք տեսել, անձի պաշտամունք, որոնք մեկ կամ երկու տարուց զրո են դարձել: Իսկ այս բոլոր հեքիաթներն այն մասին, որ եթե Փաշինյանը չմնա, պետությունը կփլուզվի, թող իրենց պահեն: Եթե Փաշինյանը բռնապետության ճանապարհով է գնում, ես պետք է նրան պաշտպանե՞մ: Եթե երկրում ոչնչացնում են կարծիքների պլյուրալիզմը, իսկ պետության ղեկավարը խորհրդարանի ամբիոնից սպառնալիքներ է հնչեցնում եւ մարդկանց բերում է շենքի մոտ, ճնշում գործադրում, ես պետք է դա պաշտպանե՞մ», – վրդովվեց Շարմազանովը՝ նշելով, որ «այս բոլոր որոշումներն ընդունվել են ճնշման տակ»:

«Այդ հայհոյանքները եւ սպառնալիքները սոցցանցերում, 20-30 հազար մարդ խորհրդարանի մոտ: Ամեն մեկը չի կարող այդ ճնշմանը դիմանալ: Մնացել է ընդամենը մի քանի նման մազոխիստ, ինչպես մենք ենք»:

Նա նշեց, որ պետական մտածողության տեսանկյունից քննադատությունն օգտակար է իշխանության համար, քան շաբաթական 6 անգամ կարծիքի փոփոխությունը:

Առավել մանրամասը՝ news.am

Մեկնաբանել
Loading...