Մաքսատներում դժգոհություններ են հնչում․ Սա վարչապետի հանձնարարականը չկատարելու արդյունքն է

«Առաջին լրատվական»-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո առաջին հանձնարարականը, ըստ էության, վերաբերում էր ապրանքների մաքսազերծմանը։ Վարչապետը հայտարարեց, որ ՊԵԿ նախագահին հանձնարարել է ապահովել, որ որևէ խոչընդոտ չլինի որևէ ապրանք ներկրելու հարցում, ապրանքները մաքսազերծվեն հնարավորինս արագ, առանց մաքսային հսկիչ գների։

Վարչապետի հանձնարարականից կարճ ժամանակ անց, սակայն, հնչում են դժգոհություններ, որ մաքսատներում հրաժարվում են ապրանքը մաքսազերծել փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ ինվոյսով և հսկիչ գին են պահանջում։ Նման մի դժգոհությունով մի քաղաքացի էլ երեկ դիմել էր մեր խմբագրություն՝ պնդելով, որ իրենից հսկիչ գին են պահանջել։

Սա, ըստ էության, վարչապետի հանձնարարականը չկատարելու արդյունքն է, որ ՊԵԿ մի շարք պատասխանատու պաշտոններում նշանակվում են նախկին կոռուպցիոներներ, որոնք ոչ մի կերպ չեն պատկերացնում, չեն կարողանում աշխատել նոր իրողությունների պարագայում։ Նրանք էլ, չկարողանալով ապահովել մուտքեր, ստիպված անցել են հսկիչ գներին։ ՊԵԿ-ում այն աստիճան անվերահսկելի վիճակ է, և Դավիթ Անանյանը այն աստիճան չի տիրապետում վիճակին, որ որոշ նախկին կոռումպացված դեմքեր արդեն իրենց համար պաշտոն են ստեղծում։

Մասնավորապես արդեն լուրեր են շրջանառվում, որ մտադրություն կա վերաբացել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը պետք է ղեկավարի մեկ այլ հայտնի կոռուպցիոներ Սամվել Իսախանյանը, իսկ տեղակալը լինելու է Վարազդատ Արշակյանը, որը նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ որդին է։

Նշենք, որ ի սկզբանե Դավիթ Անանյանը մտադրություն ուներ Սամվել Իսախանյանին, որը պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի սանիկն է, նշանակել ՊԵԿ առաջին տեղակալ, որը պետք է կոորդինացներ մաքսայինը, սակայն, հավանաբար, մեր հրապարակումները, մամուլի արձագանքը կանխեցին այդ նշանակումը։

Բայց հիմա նույն Իսախանյանը, որը նախկինում ՊԵԿ-ում աշխատել է ընդամենը 6 ամիս՝ նախաբացթողումային հսկողության պետ է եղել հենց Հովիկ Հովսեփյանի աշխատած ժամանակ, հետո եղել է ներքին անվտանգության պետ, կրկին ցանկանում է վերադառնալ համակարգ՝ վերաբացելով այս տարվա մարտ ամսին փակված նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը փակել էր որպես խիստ ռիսկային, կոռումպացված վարչության։

ՆՀՎ-ի ամբողջ գործառույթը, Գագիկ Խաչատրյանից սկսած, կոպիտ ձևակերպած, եղել է ապօրինի եկամուտների հոսքը վերին օղակներին հասցնելը։ Այդ ժամանակ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության առաջին պետը եղել է Հայկ Ստեփանյանը, որին հաջորդել է Վահրամ Գուրողլյանը, որը Հայաստանում ապօրինի ճանապարհով ամենաշատ հարստացած պաշտոնյաներից մեկն է։ Նա բիզնեսներ և ունեցվածք ունի Ավստրիայում, Չեխիայում և այլ երկրներում։ Հայաստանում, Հյուսիսային պողոտայում տարածքներ ունի, որոնք վարձակալությամբ է տրամադրել։

Նույն Հյուսիսային պողոտայում մի քանի բնակարան ունի։ Գուրողլյանին ժամանակին հովանավորում էր Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։ Հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով, խաբելու, «չմուծվելու» պատճառով Գուրողլյանը հեռացավ ՆՀՎ պետի պաշտոնից, որին փոխարինեց Սամվել Իսախանյանը, որը նույն սխեմաներով՝ հսկիչ գներով, բիզնեսմենների հետ ստվերային պայմանավորվածությունների գալով աշխատել է, ինչը նպաստել է նաև Իսախանյանի հարստացմանը։

Դրա համար էլ հիմա նույն Իսախանյանը ջանք ու եռանդ չի խնայում բացել ՆՀՎ-ն, որի անհրաժեշտությունը բացարձակ չկա։ Այդ վարչությունը չի եղել մինչև 2008 թվականը։ Ստեղծվել է դրանից հետո և փակվել նախկին իշխանությունների կողմից՝ կոռումպացված լինելու պատճառով։ Մնում է հուսալ, որ վարչապետը թույլ չի տա նախկին կոռուպցիոներներին ՊԵԿ-ում հին բարքերը վերադարձնել։

Աղբյուր՝ 1in.am

Loading...