Մահացել է ապրիլյան պատերազմի նահատակ Գևորգ Վարդանյանի հայրը

Գյումրիում, 51 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ապրիլյան պատերազմում զոհված գնդացրորդ Գեւորգ Վարդանյանի հայրը՝ Գագիկ Վարդանյանը: Վերջինս որդու մահից հետո առողջական որոշակի խնդիրներ է ունեցել:

Վարդանյանները 2002 թվականից Գյումրիից հեռացել եւ հաստատվել էին ՌԴ-ում: Սակայն Գեւորգը ցանկացել էր վերադառնալ Հայաստան եւ ծառայել բանակում:  Ծնողները սկզբում ընդդիմացել, սակայն հետո համակերպվել էին այդ մտքի հետ, եւ տղայի ծառայության անցնելուց դեռ 6 ամիս առաջ եկել էին Հայաստան: «Գեւորգը նախքան ծառայության անցնելը ցանկացել էր հայերենին տիրապետել:

Կարճ ժամանակում բոլոր բառերը չէ, որ հասցրել էր յուրացնել, բայց զինվորական երդումը հայերենով է կարդացել: Ընկերներին խնդրել էր, որ երդման տեքստի հայերեն բառերը գրեին ռուսերեն տառերով, որպեսզի կարողանար ե՛ւ սովորել, ե՛ւ կարդալ»,-ավելի վաղ ՀԺ-ին պատմել էին Գեւորգի ծնողները:

Գեւորգն ապրիլյան պատերազմում զինակից ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետխուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել թշնամու կողմից գրավված չորս դիրք: Այնուհետեւ իր հրամանատար Հրաչ Գալստյանի հետ հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել եւ հայտնվել հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգ Վարդանյանն ու Հրաչ Գալստյանը զոհվել են Թալիշում մղված մարտերի ժամանակ։

Գեւորգի մահից հետո ծնողները ՌԴ չէին վերադարձել, կրկին հաստատվել էին Գյումրիում:

Աղբյուր՝ armtimes.com

Մեկնաբանել
Loading...