«Հուսով եմ` այցը մեծն դերասանին միայն այդքան տաք ու խոսուն լուսանկարներով չի ավարտվի». Վրույր Սևակ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա այցելությունը հայտնի դերասան Երվանդ Մանարյանին բուռն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում: Օգտատերերը ողջունում են Փաշինյանի այդ քայլն ու հիշում, թե ինչպես էր սիրելի դերասանը պայքար մղում նախորդ իշխանությունների դեմ:

Նիկոլ Փաշինյանի՝ մարդկանց շոյելու, նրանց ուշադրության կենտրոնում պահելու բնավորությանը կամ գործելաոճին մշտապես դրական գնահատական եմ տվել: Անկախ հանգամանքից, թե նա կամ նրա թիմը «մարդու նկատմամբ մարդ լինելու» վերաբերմունքը ինչ մղումներով է արտահայտում, միևնույն է՝ ուշադրությունն ու այս աշխարհում պետքական լինելու զգացումը կարևոր ցուցիչ է այսօրվա խառնիճաղանջ ու վազող աշխարհում:

Մինչև այս չեմ հիշում որևէ մեկ այլ պաշտոնյայի, որ ուշադրություն դարձներ այնպիսի մի մեծության, որ բոլորիս հայտնի է «Ալամեզոնի» կերպարով, «Տժվժիկի» սցենարով, «Խոհարարները մրցույթի են գնում» ֆիլմով, տիկնիկային ներկայացումների բեմադրությամբ և այլն:

Մանարյանի ստեղծագործական գործունեության մասին կարելի է խոսել անվերջ, նրա այսօրվա կյանքի ու պայմանների մասին՝ խիստ հակիրճ՝ չապահովված ծերություն: Անկախ քաղաքական հայացքներից, համոզմունքներից ու այլ հանգամանքներից՝ պետության հանրահռչակման, ազգային մշակույթի ու արվեստի մեջ ունեցած մեծ ավանդի համար նրա համար թե՛ նախկին, թե՛ նախկինի նախկին իշխանություններն ուղղակի պարտավոր էին ապահովել բարեկեցիկ կյանք ու արժանապատիվ ծերություն: Իսկ եթե նախորդ բոլոր իշխանությունները ժամանակ ու ռեսուրսներ չունեին մտածելու անվանի դերասանի մասին, ապա դա անել կարող էին այն օլիգարխները, մեծահարուստները, գործարարները, չինովնիկներն ու սփյուռքի մեծահարուստները, որ հայրենասիրության ու բարեգործության մասին հեռուստահաղորդումներ, գովազդային ֆիլմեր նկարահանելու համար հեռուստաընկերություններից աստղաբաշխական թվերով եթերաժամանակ են գնում ու պատմում, թե ինչպես են, օրինակ, կարիքավոր մի ընտանիքի 10 կգ կարտոֆիլ, 4 լիտր ձեթ ու մի քանի զույգ կոշիկ նվիրել:

Ես հատկապես ազդվել եմ՝ տեսնելով Երվանդ Մանարյանի բնակարանի կահավորանքն ու հատկապես «սկոչված» լուսամուտները: Դերասանը, ըստ երևույթին, ձմռանը դրանց վրա ինքնակպչուն ժապավեն՝ «սկոչ» է փակցնում, որ տաք լինի, քամի չփչի դրանց հազարումի արանքներից:

Հուսով եմ և ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի այցը մեծն դերասանին միայն այդքան տաք ու խոսուն լուսանկարներով չի ավարտվի, ու նոր կառավարիչները հանձն կառնեն Մանարյանին բարեկեցիկ ծերությամբ ապահովելու կարևորագույն ու վեհ գործը:

Հ.Գ. Դիտելով երեկ հրապարակված լուսանկարները, որտեղ ակնհայտ է վերջինիս փառավորվածությունը, հասկացա, որ Մանարյանին իմ այս մտահոգությունը գուցե առհասարակ չի էլ հուզում, և նա ապրում է իր իսկ ստեղծած «ալամեզոնների» աշխարհում, որտեղ «սկոչված» լուսամուտներից առավել կարևոր են «սկոչված» համոզմունքներն ու հարաբերությունները:

Աղբյուր՝ Vesti.am

Loading...