ՀՀԿ-ի դրած ականները հենց իրենց դեմ են պայթում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ԱԺ-ում երեկ ստեղծվեց Քննիչ հանձնաժողով: Միայն թե, ինչպես պնդում են «Ելք» և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, այս հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, քանի որ միջադեպի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, որի պարագայում խորհրդարանն այլևս նման լիազորություն չունի։

Հատկանշական է, որ ժամանակին, երբ ՀՀԿ-ն իշխանության էր, սահմանադրական փոփոխություններով, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովի գաղափարը ներմուծեց, նաև թմբկահարում էին, թե դա ընդդիմության շահերից է բխում: Բայց նրանք նաև ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրագրել էին քրգործի առկայության դեպքում քննիչ հանձնաժողովի ձևավորման դեմ արգելքը որպես ական, որպեսզի այդ հանձնաժողովը հարկ եղած դեպքերում չձևավորվի, և ընդդիմությունը զրկվի այդ գործիքից։

Ու հիմա ստացվում է, ՀՀԿ դրած ականները հենց իրենց դեմ են պայթում: Նշենք, որ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից: Եթե «Ելք»-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակեն միասին համագործակցությունը, ավելի շատ ձայն կունենան, քան ՀՀԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Loading...