Հերթական աբսուրդ հայտարարությունը․Ստոմատոլոգին այցելել հնարավոր կլինի միայն ID քարտով, իսկ ծառայությունները կթանկանան

Առողջապահության նախարարությունը կարծես որոշել է համակարգում փոխել ամեն ինչ ու միանգամից՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների: Արդյունքում՝ էլի խառնաշփոթ է ստեղծել, ու այս անգամ դա առնչվում է ստոմատոլոգներին:

Ստոմատոլոգիական կենտրոնները մարտի վեցից սկսած պետք է ամբողջությամբ միանային էլեկտրոնային առողջապահական համակարգին: Մասնագետների մի մասը, ինչպես օրինակ Շիրակի մարզում աշխատող, տեղյակ են նորամուծության մասին ու նաեւ դրա դեմ բողոքի ակցիաներ անցկացրին, իսկ Երեւանում մեր դիմած ստոմատոլոգների տեղեկությունները կցկտուր էին, այստեղից-այնտեղից լսած:

Էլեկտրոնային առողջապահական համակարգը, որի ներդրումը նախապատրաստվում էր մի քանի տարի, կյանքի կոչվեց առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում: Համակարգին պետք է միանան առողջապահական բոլոր հաստատությունները: Հայտարարվող նպատակը արդյունավետության ու թափանցիկության ապահովումն է. այդ հարթակում արտացոլվելու են պացիենտի հերթագրումից, ընդունումից մինչեւ բուժման գործընթաց: Մասնավորապես ստոմատոլոգները դժգոհ են, որ նորամուծությունն ավելացնելու է իրենց ֆինանսական բեռը, որովհետեւ ստիպված են լինելու համակարգիչ ձեռք բերել, ընդունել համապատասխան աշխատակից կամ անձամբ կատարել այդ գործը՝ բավական ժամանակ վատնելով, ամսական 7 000-20 000 հազար դրամ պետք է վճարեն էլեկտրոնային համակարգին միանալու համար: Վճարի չափը կախված կլինի համակարգում գրանցված այցերի քանակից: Բացի այդ, յուրաքանչյուր այցի համար պետք է վճարվի 30 դրամ, յուրաքանչյուր բժշկի ու բուժքրոջ համար՝ ամսական 500 դրամ: Ստոմատոլոգները նաեւ նշում են, որ էլեկտոնային համակարգով աշխատելու դեպքում հնարավորություն չեն ունենալու ընդունել այն պացիենտներին, որոնք չունեն ID քարտ:

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը մեզ հետ զրույցում ասաց, թե իր համար անհասկանալի է՝ ինչի համար են այդ գումարները եւ ինչ հաշվարկների արդյունքում են ձեւավորվել: Նա հույս ունի, որ քննարկումների ընթացքում այդ սակագները կվերանայվեն: Ի դեպ, Լազար Եսայանը տեղեկացրեց, որ ձեռնարկված ու կառավարության որոշման տեսք ստացած փոփոխությունները նախապես չեն քննարկվել ոլորտի մասնագետների հետ: Հանդիպումներ ու քննարկումներ նախատեսվում են միայն հիմա, երբ որոշումն արդեն պետք է գործեր, բայց հանդիպել է դիմադրության:

 

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում