Հարկայինը տեռորի է ենթարկում փոքր բիզնեսին. Ահազանգ ՓՄՁ-ից - Bavnews.am

Հարկայինը տեռորի է ենթարկում փոքր բիզնեսին. Ահազանգ ՓՄՁ-ից

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները վերջին օրերին ահազանգում են, որ հարկային մարմինները տեռորի են ենթարկում փոքր բիզնեսին՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքներ սահմանելով: Գործարարները գրել են, որ 20 քմ օբյեկտներ ունեցողներին օրերս տուգանել են 600 հազար դրամով: Ըստ նրանց՝ ամեն օր տասնյակներով տուգանքներ են գրվում մարզերում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծված խմբում գործարարները կոնկրետ դեպքեր են ներկայացնում: «Խայտառակ վիճակ է, ՀԴՄ ների տուգանքների տարբերությունը սարսափելի է: Սա արդեն հարկային տեռոր է»,- գրում են գործարարները: Մարդիկ հարցադրում են անում՝ առանց հարկային դաշտի օրենսդրությունը փոփոխելու, որը բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի փոքր ու միջին բիզնեսի համար, ինչո՞ւ են իրենց ստիպում ՀԴՄ կտրոններով աշխատել: Նախկին վերնախավի ու օլիգարխների համար գրված օրենքներով, ըստ գործարարների, այսօր իրենց տուգանում են: «ՀՀԿ-ի գրած օրենքներով մեզ ստիպում են մաքուր աշխատել»,- ասում են նրանք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օրերս լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ ՓՄՁ-ին ստուգելու հրահանգ չկա: «Կա հակառակ հրահանգը, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին հարկային վարչարարությունով ավելորդ ծանրաբեռնել չի կարելի: Եթե մեր աշխատակիցները դա չեն հասկացել, նորից կհասկացնենք, այդ թվում՝ կոշտ կհասկացնենք»,- ասել էր նա:

Տուգանված գործարարներից մեկը ասաց, որ 600 հազար դրամով տուգանել են հանրային սննդի կետերը: Նրա խոսքով՝ առանց նախազգուշացնելու ՊԵԿ-ը միանգամից տուգանքներ է սահմանում, ՀԴՄ տուգանքներն այս օրերին համատարած բնույթ են կրում: Այնինչ, ըստ գործարարի, պետք է նախ և առաջ կարգ ու կանոն, հավասար պայմաններ հաստատել ոլորտում, ինչպես նաև օրենսդրությունը փոփոխել:

Աղբյուր՝ lragir.am