Հայտնի ադրբեջանցին լայքել է Փաշինյանի լուսանկարը, որի պատճառով հայտնվել է անախորժության մեջ

Ադրբեջանցի ֆուտբոլիստը պատահաբար սեղմել է Փաշինյանի նկարի տակ եղած «like» կոճակը և հետո ստիպված է եղել ներողություն խնդրել երկրպագուներից։ Ադրբեջանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի անդամ Ռենատ Դադաշովը ներողություն է խնդրել, որ «like» է դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարին։ Այս մասին հայտնում է Azerisport.com պարբերականը։

Գերմանաբնակ հայ ռեփեր Լևոն վարչապետի լուսանկարը հրապարակել է Instagram-ում։ Դադաշովն ասել է, որ Լևոյի հետ նույն դպրոցում են սովորել։

«Ես նույնիսկ չգիտեի` ով է նա: Չգիտեմ էլ` ինչպես է ստացվել այդ «like»-ը։ Մեր դպրոցը բազմազգ էր, գերմանացիներից բացի, այնտեղ թուրքեր, ռուսներ, հայեր ու այլ ազգերի ներկայացուցիչներ էին սովորում։ Մենք ընդհանուր ընկերներ ունեինք։ Գերմանիայում այլ կերպ էին մեծանում, ազգությունների չէինք բաժանվում», – ասել է մարզիկը:

Նա արդարացել է` ասելով, որ լուսանկարը մայիսին է հրապարակվել, իսկ ինքը միայն այսօր է տեսել, որ «հավանել» է այն։

«Պատահական է ստացվել, ես չպետք է նման բան անեի: Շատ լավ գիտեմ այս հակամարտության պատմությունը և ամեն բան շատ լավ հասկանում եմ», – ասել է Դադաշովը։ Հարցին` արդյո՞ք չի վախենում, որ իր արարքով «սպանել» է ազգային թիմում հայտնվելու հեռանկարը, ֆուտբոլիստը կրկնել է, որ պատահաբար է «like»-ը սեղմել։ Միաժամանակ նա ասել է, որ զղջում է արածի համար ու հպարտանում է իր ազգությամբ։

Աղբյուր՝ armeniasputnik.am