Հայկ Սարգսյանին սպառնում է մինչև 18 տարվա ազատազրկում

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Հիշեցնենք որ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին Դավիթ Սիմոնյանը,ինչից հետո էլ ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է և անզգույշ վարվելու հետևանքով կրակել էընկերոջ վրա։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքը ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանից՝ՀՀ երրորդ նախագահի եղբորորդուց ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Ըստ 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝

Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Համաձայն 104 հոդվածի՝

Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հայկ Սարգսյանին կառաջադրվի մեղադրանք այս երկու հոդվածների համաձայն։ Պատժաժամկետները գումարելիս հասկանում ենք, որ Հայկ Սարգսյանին նվազագույնը 8, իսկ առավելագույնը սպառնում է մինչև 18 տարվա ազատազրկում։