Հայաստանի ամենակոռումպացված չինովնիկների ցանկը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի մասին 36 էջանոց տեղեկատվություն է պատրաստվել

Ինչպես էր Քոչարյանը «Սիստեմա» հոլդինգում 600 մլն դոլարի ներդրում արել, որտեղի՞ց նրան այդ գումարը Դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանի ամենակոռումպացված չինովնիկների ցանկ հրապարակվեց, որը գլխավորում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այդ հակակոռուպցիոն նախաձեռնությունը ղեկավարում էր գնդապետ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ուստի զրուցեցինք վերջինիս հետ՝ պարզելու, թե ի՞նչ տեղեկատվության է ինքը տիրապետում եւ ինչո՞ւ էր եկել այդ եզրակացության, որ Քոչարյանը ՀՀ ամենակոռումպացված չինովնիկներից է: Նա պատասխանեց. «Մի շարք թերթեր հրապարակել են, ու այնտեղ առկա են եղել հիմքերը՝ ունեցվածքը, անշարժ գույքը, ֆինանսական ռեսուրսները, անշարժ գույքն ում անունով է գրանցված, բանկային հաշիվները, այդ բոլորը հիմնավոր է եղել:

Եթե ոչ՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ինձ, այլեւ ձեզ՝ տպագրողներիդ, բոլորին դատի կտար, բայց հիմնավոր էր, որովհետեւ անգամ չառարկեց: Ոչ միայն չառարկեց, երբ որ ինքը մասնակցել էր եւ ռուսական խոշորագույն «Սիստեմա» հոլդինգում 600 մլն դոլարի ներդրում էր արել, մենք այդ փաստերը ուղարկեցինք Մոսկվա՝ պահանջելով, թե էդ որտեղի՞ց: Նախագահ եղած ժամանակաշրջանում ո՞նց այդ գումարը ստեղծվեց, ուրեմն նշանակում է կոռուպցիայի հետեւանք է:

Այնտեղ հանձնարարեցին Չայկային (նկատի ունի ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային,- Հ. Ջ.), որովհետեւ նույն Ռուսաստանի կոռումպացված համակարգն է, ասացին, որ նա հետաքննի, բայց քանի որ կար բարձր չինովնիկների, իշխանավորների ազդեցությունը, այդպես էլ այդ գործը քնեց: Այնպես որ, հիմնավոր էր, այդ նյութերը կան, այդ նյութերը ժամանակին առգրավել է դատախազությունը՝ խուզարկությունների ժամանակ, իրենց մոտ է, Ազգային անվտանգության խումբը, որը եկել է ինձ մոտ, առգրավել է, նաեւ մյուսների մոտից են վերցրել:

Այնպես որ, հիմնավոր են, երկնքից վերցրած թվեր, փաստեր չեն: Մենք չենք զբաղվել վարկաբեկելով, սրա-նրա մասին խոսելով, մենք եղել ենք հիմնավոր, որովհետեւ տեսել ենք, որ երկիրը տանում են կործանման»: Գառնիկ Մարգարյանն ասաց, որ մոտ կես տարի ժամանակ է պահանջվել իրենցից՝ հավաքելու Քոչարյանի կոռուպցիոն գործարքների մասին տեղեկատվություն, ու արդյունքում տպագրված 36 էջ տեղեկություն են հավաքել. «Այդպես հեշտ չի գտնել օֆշորներում, այդ 36 էջը միայն Քոչարյանի մասին էր, Սերժ Սարգսյանինը, որքան հիշում եմ, 10-13 էջ էր տպագրված»: Մարգարյանն ասաց, որ այդ ամբողջ տեղեկատվությունը խուզարկությունների ժամանակ առգրավել են. «Որովհետեւ իրենք վախենում էին»:

Հարցին՝ դրա պատճենը չունե՞ք, նա պատասխանեց. «Ցավոք, ոչ, իրենք առգրավել էին նաեւ համակարգիչը, որտեղ ինֆորմացիա կար, ու վերադարձրել են՝ ամեն ինչ ջնջած: Ավստրիան, որտեղ գտնվում են հակակոռուպցիան ակադեմիան ու ոստիկանությունը, ես գրել եմ Ավստրիայի դեսպանին, թե ինչպես հայ չինովնիկները ձեռք են բերում տարբեր ֆաբրիկաներ՝ մի քանի 100 մլն-ի, բոլորը փաստեր են եղել, ես հո երեխա չեմ եղել, ինձ մտահոգել է, որ երկիրը թալանվում է, իսկ թալան նշանակում է թույլ բանակ, թույլ հասարակություն, արտագաղթ եւ պարտություն թշնամիների կողմից, այն, ինչ ապրիլի 2-ին եղավ. հայ զինվորը կռվում է՝ պատրոն չունի, ի՞նչ է դա նշանակում:

Թալանված միլիարդները 2 տասնյակ տարի, ամեն տարի շուրջ 10 մլրդ-ի գումարներ են դուրս եկել հանրապետությունից, դա իմ թվերը չեն, միջազգային կազմակերպությունների թվերն են: Բերեք էդ բոլորը գումարենք ու տեսնենք՝ ինչպիսի երկիր կդառնար մեր երկիրը»: Հայաստանի կոռումպացված չինովնիկների ցանկը 2 տասնյակից անցնում էր, ու Գառնիկ Մարգարյանի համոզմամբ՝ մինչեւ չհասնենք նրան, որ այդ բոլոր չինովնիկները, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանը, հայտնվեն «ճաղերի հետեւում» ու պատասխան տան ամեն մի խախտման համար, երկիրը երկիր չի դառնա. «Դա կոռուպցիայի հիմնական կանոնն է…

Պետք է հասնենք նրան, որ թալանվածը վերադառնա: Շատ հաճախ չինովնիկներ, անգամ երիտասարդներ ասում են՝ դժվար է, օրենքը թույլ չի տալիս եւ այլն, մենք գիտենք դա վերադարձնելու ձեւը, թող հարցնեն, կասենք: Եթե տարեկան 10 մլրդ դուրս է գնացել, բյուջեն խղճուկ 3 մլրդ-ի սահմանում է, արտաքին պարտքը 7 մլրդ-ը անցել է, նշանակում է մենք կունենայինք կրկնակի բյուջե, դա նշանակում է հզոր բանակ, զինվորին, սպային բարձր աշխատավարձ, կլուծվեին սոցիալական խնդիրները, բայց 20 տարի շարունակ թալանածը 240 մլրդ-ն անցնում է:

Ո՞ւր են այդ գումարները, էդ էլ գիտենք՝ որտեղից է եկել, ինչպես է գնացել: Ես միանշանակ հարգում եմ Ռուսաստանը, ռուս ժողովրդին, կյանքիս լրջագույն մասը անցկացրել, սովորել եմ այնտեղ, բայց ես մեղադրում եմ վերջին 20 տարիներին ռուսական չինովնիկների վերխուշկային, որ անընդհատ սրանց պահպանում, փայփայում եւ շոյում էին: Ինչո՞ւ էին անում, որովհետեւ իրենք էլ իրենց ստրատեգիական շահերն ունեին: Հայաստանն ի՞նչ ունի այսօր՝ ռազմավարական ոչինչ, երկաթգիծ չունի, գազամատակարարման համակարգ չունի, ասֆալտները մերը չեն, ջուր չունենք, ոչինչ չունենք, օդն է մնացել, եթե հասցնեին, օդն էլ կվաճառեին:

Հիմա ես դիմում եմ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, ժամանակն է մտածել, ինչո՞ւ պետք է 300 մլն-անոց գազամատակարարման համակարգը «ՀայՌուսգազարդի» ինչ-որ 145 մլն-ով նվիրել Ռուսաստանին: Դա ո՞վ արեց՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ նվիրեց, նվիրեց, որպեսզի մնա աթոռին, որպեսզի իրեն պաշտպանեն»:

Առավել մանրամասը՝ aravot.am

Մեկնաբանել
Loading...