Կարոն հովանավորվեց, երբ անհրաժեշտ էր, սպանվեց, երբ վտանգավոր էր (տեսանյութ)

Եթե երկու անձեռնմխելի պատգամավորներ զենքեր են նվեր ստանում բարձրաստիճան պաշտոնյաներից, ուրեմն նրանք այլևս անձեռնմխելի չեն: Ժամանակը ցույց է տալիս, որ դրանք տրվել են հիմնականում քրեասեր պաշտոնյաներին՝ հավանաբար միմյանց կամ այլոց «վերացնելու» «ակնկալիքով»:

Եվ ահա հոկտեմբերի 6-ին Երևանի Նորք-Մարաշ համայնքի հացատներից մեկում սպանվեց բազմաթիվ քրեական պատմությունների, փողային ռազբորկաների մեջ թաղված նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանը:

2009թ.-ին, ուղիղ 9 տարի առաջ՝ հոկտեմբերի 5-ին, նույն Կարոն պաշտպանության նախկին նախարարներից մեկից ստացած «Բերետտա» ատրճանակով, որը, ինչպես ինքն էր ասում դատարանում, «թուրքի զենք է», փորձեց սպանել իր նախկին գործընկեր Արթուր Զադոյանին…

Այժմ Կարոն սպանված է, իսկ նրա նախկին ենթակա, գործընկեր Սարգիս Ավագյանը՝ վիրավոր: Ոստիկանությունը հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Պիետրո-Բերետտա» տիպի ատրճանակ, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, սույն գործով կասկածյալ Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին։

Նույն պաշտոնական աղբյուրը տեղեկացրեց նաև, որ Հ. Ղարագյոզյանը ««Պիետրո–Բերետտա» ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին»։

Հետո պարզվեց, որ Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող Հարություն Ղարագյոզյանը ևս մահացած է: Ըստ իրավապահների՝ Հ.Ղարագյոզյանի դին հայտնաբերվել է Զովունիում՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով՝ ձեռքին ատրճանակ (ոսկեգույն): Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել։

Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նախկին գործընկերները հավաքվել են՝ լուծելու մի գույքային վեճ, որին ներկա է եղել նաև ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը:

Սակայն որքան էլ այս վարկածը իրատեսական թվա՝ Կարոյին բնորոշ գույքային, փողային «խլոցիների» առումով, այդուհանդերձ՝ տրամաբանությունը հուշում է, որ սա կարող է լինել միտումնավոր թույլ տրված ինֆորմացիոն արտահոսք՝ հետքն ավելի լուրջ հանցագործություններից շեղելու և առհավետ կոծկելու համար:

Սկսենք նրանից, որ Յուվեցի Կարոյի սպանության, ապա «սպանողի» «ինքնասպանության» վարկածը հիշեցնում է 20 տարի առաջվա ձեռագիրը, երբ իր աշխատասենյակում սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, իսկ հետո «ինքնասպան» եղավ նրան սպանող դատախազը… Դրանից հետո Ռ. Քոչարյանը գլխավոր դատախազի աթոռը «նվիրեց» Աղվան Հովսեփյանին՝  «երկարաժամկետ» «օգտագործման» համար:

Նույնական ձեռագիր կա նաև այն գործերում, որտեղ Յուվեցի Կարոյի հետքն է. որտեղ նա հայտնվել է կամ կապ ունեցել, այնտեղ եղել է գումարային կամ գույքային վեճ, մարդկանց առեղծվածային մահեր, անհայտ տեղից հայտնվել է զենք, որը կամ «դրվել է»  «ինքնասպանվածի» ձեռքում (ինչպես մրգավանցի Սեյրանի և Կարամելի Հարութի դեպքում), կամ վերագրվել Կարոյից տուժողին (ինչպես Զադոյանի դեպքում):

Բացի այդ, Հոկտեմբերի 27-ից հետո Յուվեցի Կարոն դուրս է եկել, կամ ինչ-որ մեկը «դուրս է բերել» նրան իր նախկին շեֆ, նախկին զինդատախազ, Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի ստվերից, և նա Հովիկ Աբրահամյանի հետ միասին ունեցել է պաշտոնեական թռիչքային առաջխաղացում՝ նաև մասշտաբային առումով, և ստացել «անպատժելիության մանդատ»՝ ցանկացած տեսակի կրիմինոգեն պատմությունների մեջ խրվելիս:

Արարատի մարզը, իսկ հետո նաև հանրապետությունը զրկվել է շատ գործարարներից, գործարարներն էլ՝ իրենց տունուտեղից. շատ պատգամավորներ, հատկապես ԲՀԿ-ից, հայտնվել են հովիկակարոյական խուճուճ ծուղակների՝ տոկոսով փողերի, վիճարկելի պարտքերի մեջ (Տիգրան Ստեփանյան, Գոհար Ենոքյան):

Այդ դուետը հովանավորված է եղել իրավապահ մարմինների, մասնավորապես՝ դատախազության և ԱԱԾ-ի կողմից. ոչ ոք չի համարձակվել նրանց դեմ դուրս գալ առնվազն վերջին 20 տարվա  ընթացքում…

Հետևաբար հարց է ծագում՝ ինչպե՞ս դա հնարավոր եղավ հիմա, և ինչո՞ւ սպանեցին Կարո Կարապետյանին, երբ Աղվան Հովսեփյանը, Հովիկ Աբրահամյանը և Ռոբերտ Քոչարյանն այլևս «թամբին» չեն և առաջիկայում կարող են հայտնվել ճաղերի հետևում:

Առավել մանրամասը՝ 1in.am

Մեկնաբանել
Loading...