Կարմիր գրքում գրանցված թռչունի որսի հեղինակը հայտնաբերվել է (ֆոտո)

««Econews.am» կայքի «Ահազանգ․ «Որսացել» են չթույլատրվող գիշատիչ թռչուն» վերնագրով հրապարակման հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելով լուսանկարում պատկերված երիտասարդին։ Հրազդանի Ջրառատ թաղամասում ապրող 25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին՝ դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։ Նախապատրաստվում են նյութեր»,- հայտնում է ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ համացանցում հրապարակվել է լուսանկար, որտեղ երիտասարդի ձեռքերում գիշատիչ թռչուն է: Ինչպես տեղեկացել ենք` Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից լուսանկարում, հավանաբար, տափաստանային ճուռակ է (Buteo rufinus):  Տափաստանային ճուռակը որսատեսակ չհանդիսացող կենդանի է, և տվյալ կենդանու որսը թույլատրված չէ: Տեսակը ՀՀ-ում լայնորեն տարածված է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում «Քիչ վտանգված» (Least Concern) կարգավիճակով: Տափաստանային ճուռակները հաճախ որսագողերի զոհ են դառնում, ինչպես նաև հանդիսանում են խրտվիլակային բիզնեսի օբյեկտներ: Հայաստանում տվյալ բիզնեսի օբյեկտներից շատերը գիշատիչ թռչուններ են:

Նյութի աղբյուրը` Econews.am